Էշթոնը գոհ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջընթացից. խոստանում է վերադառնալ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սա իմ վերջին այցը չի լինի: Ես գոհ եմ երկկողմ հարաբերությունների առաջընթացով»,- այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն հաջորդած համատեղ ասուլիս ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: ՀՀ արտգործնախարարը նշեց, որ բազմաթիվ հնարավորություններ են եղել' հանդիպելու եվրոպական մայրաքաղաքներում, եւ ինքը շատ ուրախ ոջունելու Էշթոնին Երեւանում. սա Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատարի առաջին այցելությունն է Հայաստան: «Մենք ուրախ ենք, որ վերջին շրջանում բավական դինամիկ կերպով զարգանում են մեր հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Այդ հարաբերությունները հիմնված են նույն արժեհամակարգի վրա»,- ասաց Նալբանդյանը:
Մեկ շաբաթից Բրյուսելոմ կայանալու է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը, որի ժամանակ կամփոփվեն վերջին տարում արված քայլերը' Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով' Հայաստանը գոհունակությամբ կարող է նշել, որ այդ հարաբերություններն իսկապես ակտիվորեն զարգանում են:
Էշթոնն իր հիացմունքը հայտնեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջընթացի հետ կապված: «Կարծում եմ' մենք իսկապես մեծ առաջընթաց ունենք այդ հարաբերություների ամրապնդման ուղղությամբ»,- նշեց նա: