Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեկան հասնում է 200-250 մլն դոլարի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն այս տարվա նոյեմբերի 10-ին մասնակցել է Մոսկավայում անցկացվող ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 9-րդ նիստին, որտեղ ԱՊՀ անդամ երկրների միջեւ գործարար առեւտրատնտեսական համագործակցության զարգացման եւ ամրապնդման հարցում ակտիվ գործունեության համար 3 երկրների ԱԱՊ ղեկավարներ արժանացել են ԱՊՀ գործադիր կոմիտեի հատուկ պատվոգրի: Նրանց թվում է նաեւ Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:

2012 թ. կնշվի ԱՊՀ առեւտրաարդյունաբերական պալատների խորհրդի ստեղծման 10-ամյակը, իսկ նիստը նախագահող երկիրը կլինի Տաջիկստանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը ներկայացրեց նիստի արդյունքներն ու պալատի կողմից իրականացվող աշխատանքները:

- Պարոն Վարդանյան, ո՞րն էր նիստի գլխավոր թեման, նպատակները:

- Հայաստանի կողմից որպես գլխավոր թեմա ներկայացվեց փոքր ու միջին բիզնեսին ուղղված աջակցության խնդիրները: Հայաստանը պատրաստել էր հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին: Պալատը հանդես է եկել առաջարկությամբ խորացնելու համագործակցությունը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների փոքոր ու միջին ձեռանարկություններին համագործակցելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ինչը հնարավորություն կտա զարգացնել երկրի տնտեսությունը, քանի որ դրա զարգացման հիմքը փոքր ու միջին ձեռնարկություններն են:

- Ի՞նչ կարեւոր առաջարկներով է հանդես եկել Հայաստանը:

-Բացի փոքր ու միջին բիզնեսին աջակցությունից, մենք առաջարկել ենք թվայնացնել ապրանքների ծագման սերտիֆիկատներն ու դրանք տրամադրել էլեկտրոնային եղանակով: Հայաստանում արդեն աշխատանքներ են տարվում, որպեսզի հետագայում բոլոր պալատներն իրար հետ կապված լինեն էլեկտրոնային համակարգում: Դա ուղղված է Եվրասիական ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, բիզնեսին աջակցելու ու նրանց գործունեությունը հեշտացնելուն:

- Քանի՞ անդամ ու ներկայացուցիչ ունի ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն աշխարհում ու Հայաստանում: Նախատեսվու՞մ է ընդլայնել ներկայացուցիչների շրջանակը:

- Տարբեր երկրներում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն ունի 20 ներկայացուցիչ: Հայաստանում գործում են 11 մարզային առեւտրաարդյունաբերական պալատներ, որոնք ունեն մոտ 3 հազար անդամներ, իսկ դրանց 70 տոկոսը փոքր ու միջին ձեռնարկություններն են: Կարծում եմ, որ ամենամեծ աջակցության կարքը հենց իրենք ունեն, քանի որ մեծ ձեռնարկությություններն ավելի անկախ են ու խոչընդոտներ չունեն: Մենք մեր անդամներին տալիս ենք նրանց տվյալները, որոնց միջոցով իրենց համար գործընկերներ են գտնում: Ներկայացուցիչներն օգնում են տեղի գործարարներին Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում, ինչպես նաեւ այնտեղ կազմակերպել բիզնես ֆորումներ ու ցուցահանդեսներ, որը լավ հնարավորություն է արտադրանքը ներկայացնելու համար: Բացի այդ պալատը հնարավորություն ունի հրավերներ ուղարկել աշխարհի տարբեր երկրների գործարարներին, ովքեր գալիս, տեղում ծանոթանում ու պայմանագրեր են կնքում:

-Ի՞ նչ ծրագրեր են իրականացվում միջազգային համագործակցության զարգացման համար:

-Որպես թարմ օրինակ կարող եմ նշել Եվրամիության հետ համագործակցությունը, որի հետ այժմ իրականացվում է «East-West» (Արեւելք-Արեւմուտք) ծրագիրը, որն ուղղված է արտահանմամբ զբաղվող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Ծրագրին մասնակցել է 16 ընկերություն, որոնցից առավել ակտիվները կներկայանան եվրոպական բիզնես-ցուցահանդեսներին: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ նաեւ Եվրամիության օրենսդրությանը. իրազեկ լինելով` նրանք կարող են ավելի քիչ գումար ծախսել ապրանքն Եվրոպա արտահանել համար: Ինչպես նաեւ դա հնարավորություն է մասնակցել ու ներկայանալի լինել միջազգային ցուցահանդեսներին:

-Հարեւան երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ բիզնես-հարաբերություններն ինչպիսի՞ ն են:

-Թուրքիայի հետ կապն այսպես, թե այնպես կա, բայց ոչ պաշտոնական: Ապրանքներ այդ երկրից բերվում են Հայաստան, թեկուզեւ միջնորդ երկրի` Վրաստանի միջոցով: Հետազոտությունը ցույց են տվել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարեկան մոտ 200-250 միլիոն դոլարի արեւտրաշրջանառություն է լինում` չհաշված անհատների կողմից իրականացվող առեւտուրը: Դա ավելի մեծ է, քան Վրաստանի հետ իրականացվող առեւտուրը: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախեւառաջ ապրանքն ավելի մատչելի է, բացի այդ փոխադրամիջոցն է էժան: Իսկ բիզնեսի համար դա ամենակարեւոր հանգամանքներից մեկն է:

Հարցազրույցը` Մարգարիտա Մխիթարյանի

Հայերեն Русский