3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի գեղարվեստի դպրոցում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Մի ոտնահարեք իմ իրավունքները» խորագրով նկարչական փառատոնի ամփոփիչ միջոցառումը: Այն կազմակերպվել էր «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի' Գեղարքունիքի թղթակիցը, Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գայանե Սանոսյանի խոսքով' 6-18 տարեկանների նկարչական աշխատանքների փառատոն-մրցույթին մասնակցել են Գավառի մանկատան սաները, Գավառի ավագ դպրոցի եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտները: Մասնակիցների մեծ մասը նաեւ գեղարվեստի դպրոցի սաներ են:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Արմինե Ղուկասյանը հայտնեց, որ մրցույթ-փառատոնին մասնակցել են 40 դպրոցահասակ նկարիչ' ներկայանալով նույնիսկ 3 նկարներով: Երեխաների աշխատանքները ներկայացված են երկու հիմնական թեմաներով' «Մի ոտնահարեք մեր իրավունքները»' բարձր դասարանցիների համար եւ «Բռնությունն այն է, երբ...» թեմատիկան' միջին տարիքի դասարանցիների համար:
Նոյեմբերի 16-ին ամփոփվեցին դեռ մի ամիս առաջ սկսված մրցույթ-փառատոնի նկարները: Նախապես ձեւավորված հանձնաժողովի անունից ընտրվեցին հաղթող նկարներ, որոնց հեղինակներին տրվեցին պարգեւներ եւ մասնակցության վկայականներ: Մասնակցության համար միջոցառման կազմակերպիչները խրախուսեցին դպրոցահասակ նկարիչներին, մասնակից դպրոցների կազմակերպիչ մանկավարժներին եւ Գեղարքունիքի համակարգող Արմինե Ղուկասյանին:
Նկարների միջոցով մասնակիցները արտահայտել էին իրենց պատկերացումները երեխայի հանդեպ բռնարարքների վերաբերյալ, ինչպես նաեւ վրձնի լեզվով կոչ անել չոտնահարել երեխաների իրավունքները: Մրցույթ-փառատոնի մասնակից երեխաների մեծ մասը ներգրավված են նաեւ կազմակերպության «Երեխան երեխայի համար» եւ «Անվտանգ եմ ես, անվտանգ ես դու» ծրագրերում:
Միջոցառման ավարտին մասնակից բոլոր նկարիչները հյուրերին պատմեցին իրենց նկարների բովանդակության եւ պատկերների տակ թաքնված կոչերի ու խնդիրների մասին: