Շարժական ատամնաբուժարանն իր շրջագայությունն սկսեց Լոռու մարզում
2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկային հարակից տարածքում այսօր կայացավ Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից՝ միության հայաստանյան մասնաճյուղին հատկացված շարժական ատամնաբուժական կլինիկայի (Dental Bus) հանդիսավոր բացման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին եւ ողջույնի խոսք ասացին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ֆրանսիայի հայ բժիշկների միության ղեկավար Էդվարդ Մուրադյանը, օրհնության խոսք ասաց Հաղպատավանքի վանահայր տեր Ասպետ վարդապետ Պալյանը:
Բացման խոսքով հանդես գալով' Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց միությանը, նշելով, որ 20 տարուց ավելի Հայաստանում բարեգործություններ կատարող կազմակերպության հերթական նվերը՝ շարժական ատամնաբուժարանը, ատամնաբուժական ծառայությունները ՀՀ մարզերի գյուղերում հասանելի դարձնելու գործում չափազանց օգտակար կլինի: Լոռու մարզի բոլոր գյուղերի մինչեւ 18 տարեկան երեխաներին զննելուց եւ բուժօգնություն ցույց տալուց հետո առաջնակարգ սարքավորումներով, անհրաժեշտ պարագաներով կահավորված կլինիկան կուղեւորվի Տավուշի մարզ, ապա կլինի մյուս մարզերում:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւս շնորհակալություն հայտնեց միությանը, նշեց, որ Ֆրանսիայի հայ բժիշկների միությունն անգամ ամենադժվարին տարիներին աշխատել, աջակցել է Հայաստանին: Նախարարի խոսքով, ՀՀ կառավարությունն այսուհետ եւս պետք է աշխատի մարզային առողջապահությունը զարգացնելու ուղղությամբ, եւ դրա համար շարժական կլինիկան անփոխարինելի է:
Միության նախագահ Էդվարդ Մուրադյանը ներկայացրեց նրա անցած ուղին, արվածն ու հետագա անելիքները: Նա նշեց, որ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաները, բուժանձնակազմի աշխատավարձի հոգսը եւս միությունը վերցրել է իր վրա: Լոռու մարզպետը եւ Էդվարդ Մուրադյանը կտրեցին կլինիկայի շարժակազմի խորհրդանշական ժապավենը, ինչից հետո այն ուղեւորվեց Մարգահովիտ համայնք, որտեղից էլ կսկսվի կլինիկայի շրջագայությունը Լոռու մարզում: