Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում հետին շարքերում չէ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտում իրականացվող անհրաժեշտ բարեփոխումները, ինչպես նաեւ միջազգային հարթակներում մեր տեղը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելը ԿԳՆ-ի օրակարգի կարեւորագույն հարցերն են: Հայաստանի կրթության համակարգի միջազգայնացման, դրա արդյունքում ձեռք բերված շոշափելի արդյունքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
-Պարո’ն Աշոտյան, ինչքանո՞վ է կրթության ոլորտում կարեւորովում միջազգայնացման անհրաժեշտությունը: Ի՞նչ դիրք է գրավում Հայաստանը այս համատեքստում:
-Կրթությունն ամբողջ աշխարհում ձեւավորվում է որպես միասնական ֆենոմեն, եւ միջազգայնացումը կրթության առանձնահատկություններից մեկն է այսօր, երբ ազատ տեղաշարժվում են ուսանողները, դասախոսները, լավագույն գաղափարները, գիտելիքները եւ տեխնոլոգիաները: Այն ամենագլոբալիզացված ոլորտներից մեկն է մարդկային գործունեության այս դարում, որտեղ ՀՀ-ի համար բազմաթիվ առավելություններ կան: Այստեղ թույլ է տրվում հայկական կրթական համակարգին շոշափել լավագույն միջազգային փորձը, մոտեցումները, տեխնոլոգիաները, ապահովել մեր ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերը, իհարկե նաեւ բերելով լավագույն միջազգային օրինակները եւ ազգայնացնելով, տեղայնացնելով հայաստանյան կրթական համակարգում:
-Հետաքրքիր է` միջազգայնացման ուղղված քայլերն արդյոք տեղի են ունենում կրթական բոլոր մակարդակներում:
-Վերջին տարիներին միջազգայնացումն է դիտվում արտաքին այն ռեսուրսներից մեկը, որով մենք կարողանում ենք լրացուցիչ թափ հաղորդել Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին: Եվ այդ գործընթացը տեղի ունենում կրթության բոլոր աստիճաններում: Այստեղ շատ կարեւոր է համագործակցությունը թե’ երկոկղմանի հիմքերի վրա, թե’ միջազգային կազմակերպությունների եւ դոնոր կազմակերպությունների հետ, որոնք մեզ օգնում են կրթության բոլոր ոլորտներում ապահովել ինտենսիվ շփումներ հայ եւ արտասահմանցի շահառումների միջեւ:
Մասնագիտական կրթության ոլորտում առաջնահերթ է համարվում միջազգայնացման միջոցով կրթության որակի եւ պայմանների բարելավումը, հանրակրթության ոլորտում նույնպես 12-ամյա կրթակարգը թույլ է տվել ամբողջությամբ համապատասխանել այսօր ընդունված կրթական ստանդարտներին , համագործակցություն է ծավալվում նաեւ երկկողմանի հիմքի վրա բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների միջեւ: Սակայն եթե մյուս ոլորտներում համագործակցությունը բավարար հիմքերի վրա է դրված, ապա բուհերի դեպքում արտասահմանյան գործընկերները բավարար համարել չի կարելի եւ հատուկ շեշտադրում պետք է անել, որ բուհերում ուժեղանան արտաքին կապերի վարչությունները:
-Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ Հայաստանն այսօր եվրոպական կրթական ընտանիքի լիիրավ անդամ է:
- Հայաստանը բարեհաջող ինտեգրվել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքին եւ այսօր համարվում է եվրոպական կրթական ընտանիքի լիիրավ անդամ: Թեեւ դեռեւս Հայաստանը առաջինների հետ հավասարը հավասարի ձեւաչափով չի քայլում, այնուամենայնիվ, հետին շարքերում չէ հաստատ:
-Ո՞ր երկրների հետ է այսօր Հայաստանը առավել սերտ համագործակցություն ծավալում:
- Ռուսաստանը մեր կարեւորագույն գործընկերներից մեկն է նաեւ հումանիտար համագործակցության ոլորտում: Խոշոր գորշընկերներն են նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Ինտենսիվ հարաբերություններ են ձեւավորվել Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ, իսկ եվրոպական այլ երկրների հետ ունենք համագործակցության մի շարք պայմանագրեր: Կոնկրետ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման հետ կապված կան շոշափելի արդյունքներ: Հայաստանում ձեւավորվել է արդեն համապատասխան աշխատանքային խումբը եւ մեկ տարվա ընթացքում մենք կփորձենք ամբողջությամբ այս գաղափարի ձեւակերպումը տալ: Համալսարանում կդասավանդվեն մասնագիտություններ, որոնց պահանջարկն իրականում կա, եւ որոնցով Հայաստանում կրթության որակի բարելավման խնդիր կա:
-Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակներում իր ելույթներից մեկի ընթացքում նշեց, որ նախատեսվում է Հայաստանում բացել ֆրանսիական լիցեյ: Ի՞նչ փուլում են գտնվում աշխատանքները:
- Մենք արդեն սկսել ենք բանակցությունները ֆրանսիական կողմի հետ, որպեսզի պատրաստենք միջպետական, միջկառավարական համաձայնագիր, որով կարող է հիմնադրվել ֆրանսիական լիցեյը` ավագ դպրոցը: Համաձայնագիրը դեռ մշակման փուլում է եւ ճանապարհ ունի անցնելու: Գործընթացը պետք է կազմակերպվի ՀՀ օրենսդրությնան շրջանակներում` ապահովելով նաեւ ֆրանսիական կողմի շահագրգիռ մասնակցությունը:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի