Զբոսաշրջության զարգացման աշխատանքներ` Սյունիքում
3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում առայժմ գործում են զբոսաշրջիկների համար նախատեսված 4 հյուրատներ, որոնք ունեն համապատասխան որակավորման վկայականներ: Դրանք Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում են, բոլորն էլ երրորդ աստիճանի որակավորում ստացել են անցած տարի: Այս աշխատանքները մարզում իրականացնում է «Ապավեն» ՀԿ-ն' «Սյունիքի մարզում տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում' ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու տուրիզմի վարչության հետ համատեղ:
«Քանի որ Կապանում զբոսաշրջությունը համեմատաբար թույլ է զարգացած, առայժմ որակավորված հյուրատներ չկան: Սակայն այստեղ եւս նախապատրաստական աշխատանքներ կատարված են, եւ 4 հյուրատներ առաջիկայում կստանան որակավորում: Տաթեւում ունենք առանձին ծրագիր: Այստեղ գործում են 8 հյուրատներ, որոնց սպասարկման պայմանների որակն առայժմ չի բավարարում որակավորում տալու համար: Աջակցում ենք, որպեսզի այստեղ բարելավվեն պայմանները ու ապահովեն չափանիշները: Հուսով ենք' եկող տարի այդ հյուրատներից գոնե 2-3-ը կստանան որակավորում», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին ասաց կազմակերպության պատասխանատու Շահեն Բաբայանցը: Վերջինս նշեց, որ այս գործընթացում շեշտը դրվում է համայնքների այն անապահով ընտանիքների վրա, որոնք ունեն ներուժ, սակայն ի վիճակի չեն կազմակերպելու այդ աշխատանքները: Նման ընտանիքներին կազմակերպությունն աջակցում է տեխնիկապես, որից հետո զբաղվում է դրանց գովազդով:
Սյունիքում որակավորում ունեցող հյուրատները միանգամից կարող են ընդունել 10-12 զբոսաշրջիկի: Մեկ հոգու համար մեկ օրվա արժեքը 5-7 հազ. դրամ է, որի մեջ մտնում է նաեւ նախաճաշի արժեքը: Այս տարվա ընթացքում հյուրատներից յուրաքանչյուրը սպասարկել է 30-40 զբոսաշրջիկի' հիմնականում արտերկրից: Ըստ Բաբայանցի' հյուրատան համապատասխան որակավորում ունենալը շատ կարեւոր է, որպեսզի զբոսաշրջիկին առաջարկվող եւ իրականում գոյություն ունեցող պայմանները համապատասխանեն իրար, իսկ եթե ոչ, ապա երկրորդ անգամ նա չի ցանկանա օգտվել տվյալ տուրփաթեթից:
«Ապավեն» ՀԿ-ն միաժամանակ Սյունիքում կատարում է ուսումնասիրություններ եւ նպաստում տուրփաթեթների ստեղծմանը: «Սյունիքում հնարավորություն կա զարգացնելու էկոտուրիզմը, ագրոտուրիզմը եւ պատմական տուրիզմը: Արդեն ունենք մշակված տուրփաթեթներ Շիկահողի տարածքում' 5 երթուղիներով, ունենք նաեւ Վաչագանի տուրփաթեթը' մեկ երթուղով: Ընթացքի մեջ են Վահանավանք-Բաղաբերդ-Հալիձոր տուրփաթեթի մշակման աշխատանքները: Սա մարզում կխթանի պատմական տուրիզմի զարգացումը», - ասաց Բաբայանցը: