2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնակարան մանկատան երեխաներին» պետական ծրագրի առաջին փուլի շրջանակներում Շիրակի մարզում բնակարան կստանան երկկողմանի ծնողազուրկ, մանկատան 18 շրջանավարտներ: Ընդահուր առմամբ, ներկայում մարզում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող մանկատան 27նախկին սան:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, նրանցից 12-ին մեկ սենյականոց բնակարաններ կհատկացվի Մարալիկի սոցիալական, իսկ 6-ին' Գյումրու «Մուշ- 2» թաղամասերում:
Առանց ծնողական խնամքի մնացած մանկատան նախկին սաների բնակարանների տրամադրումն իրականացվելու է ըստ առաջնահերթության' ովքեր ամուսնացած են, ունեն մեկ կամ երկու երեխա, կամ միայնակ մայրեր են:
«Նրանց մի մասը չափահաս դառնալուց հետո շարունակում է ապրել իրենց խնամակալների հետ, մյուսները տեղափոխվել են «Տիրամայր Հայաստան»-ի կենտրոն, որտեղ վերջիններս նաեւ մասնագիտություն են ստանում: Ծրագրով նախատեսվում են նաեւ բնակարաններ Ստեփանավանում եւ Սպիտակում, բայց դրանք երեք սենյականոց բնակարաններ են երեք հոգու համար»,- նշեց Լ. Գինոսյանը' հավելելով, որ ծրագրի առաջին փուլով բնակարանները նախատեսվում է հանձնել նոյեմբերի վերջին: