Երաժշտական կոմեդիայի թատրոնի ոսկեդարի ստեղծողն ու վայելողը. Սվետլանա Գրիգորյանը 80 տարեկան է
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կայացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի ծննդյան 80 եւ բեմական գործունեության վաթսունամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակութային-հասարակական գործիչներ, արվեստասեր հասարակությունը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, շնորհավորելով դերասանուհուն կրկնակի հոբելյանի կապակցությամբ, կարեւորեց այն հանգամանքը, որ այսօր ոչ միայն Սվետլանա Գրիգորյանի ծննդյան տոնն է, այլեւ հայ թատրոնի նշանակալից իրադարձություններից մեկը: «Վեց տասնամյակ լինել մի բեմում, այն էլ' նույն թատրոնում, աննախադեպ երեւույթ է»,- ասաց Ե. Ղազանչյանը' հավելելով, որ Սվետլանա Գրիգորյանը եղել է Պարոնյանի անվան թատրոնի ոսկեդարի ստեղծողն ու վայելողը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով' այսօր իրավամբ իսկական տոն է: Նրա խոսքով' առաջին հերթին դերասանի գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է, զբաղեցված աթոռների քանակը, եւ այսօրվա լեփ-լեցուն դահլիճը շատ բանի մասին է խոսում: «Մենք այսօր իրապես մեծարում ենք իրական արվեստագետին, որին բոլորը շատ են սիրում»,- ասաց նա' կարեւորելով այն հանգամանքը, որ Սվետլանա Գրիգորյանը քսանամյա անկախության շրջանի չմարող լույսն է, որը դիմացավ եւ տարավ ամեն տեսակ դժվարություն:
«Նա միշտ եղել է բեմին, հանդիսատեսին եւ հասարակությանը հավատարիմ»,- ասաց նա' ժողովրդական արտիստուհուն հանձնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Ս. Գրիգորյանը շատ ու շատ սերունդների համար եղել է սիրելի ու պաշտելի, մարդկանց բերել է կյանքի ուրախություն եւ մեծ հույսեր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ քսան հազար ուսանողության եւ չորս հազար աշխատակիցների անունից շնորհավորեց մեծ դերասանուհուն հոբելյանների կապակցությամբ եւ հիշեց, որ երբ ինքը ուսանող էր, հաճախ էր գալիս դիտելու նրա խաղը: «Դուք հսկայական գործ եք արել, որովհետեւ երջանկություն եք շատ-շատերին պարգեւել, օգնել եք շատերին չմոռանալ ծիծաղը»,- ասաց Ա. Սիմոնյանը' հավելելով, որ Ս. Գրիգորյանը եղել է եւ կմնա ծիծաղի թագուհի:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ինքը չի հավատում, որ Ս. Գրիգորյանն արդեն ութսուն տարեկան է: «Դուք ձեր գեղեցկությամբ ու տեսակով երկար պետք է ջերմացնեք բոլորի սրտերը»,- ասաց նա:
ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը նշեց, որ Ս. Գրիգորյանի արվեստը, դերասանակաան վարպետությունը անկրկնելի են, իսկ նրան փոխարինելը' անհնարին: «Նրա կերտած կերպարները երբեք չի կարելի շփոթել: Նա իրապես ժողովրդի կողմից սիրված արվեստագետ է, ով վաթսուն տարի շարունակ հմայել է»,- ասաց Հ. Թեքիջյանը' դերասանուհուն մաղթելով անսպառ աշխուժություն: ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատում է 1949թ-ից: Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով:
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեության ընթացքում նա ունեցել է 150-ից ավելի դերակատարումներ' Սիմա ( «Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա ( «Բայադերա»), Կոլոմբինա' («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար («Հին հիվանդություն»), Մարթա ( «Ատամնաբույժն արևելյան» ), Ժաննա' («Ռոզ Մարի»), Նատա ( «Սոֆիկի սխալը»), Դիաննա' («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա' («Չանիտայի համբույրը»): Նրան ամենից շատ ճանաչում են «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Ռոզի դերում: