Մարզային

Սանահինի հոգսը` պետական հոգածության ներքո

3 րոպեի ընթերցում

Սանահինի հոգսը` պետական հոգածության ներքո

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանահինի վանական համալիրի հոգսերի մասին վերջերս շատ է խոսվում, հուշարձանի կառույցները պահպանելու եւ փլուզման վտանգից փրկելու հարցը բարձրացված է միջազգային մասշտաբով, եւ այս խնդրով այժմ մտահոգված են ոչ միայն Լոռու մարզում ու հանրապետությունում, այլեւ արտերկրում:

Նախ ՀՀ կառավարության հանձնարարականով' Սանահինի վանական համալիրի թաղածածկերի վիճակն ուսումնասիրելու եւ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով Լոռու մարզ էին գործուղվել մասնագետներ, որոնք ուսումնասիրել են վերականգնման, տանիքների ջրահեռացման ու ջրամեկուսացման խնդիրները, նրանք այժմ աշխատում են հավաքած տվյալների բազայի վրա, որից հետո կտրվի մասնագիտական եզրակացություն:

Որմնապատերի ամրակայման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով այցելել են նաեւ գերմանացի մասնագետներ, որոնց ուսումնասիրությունները եւս ավարտված են:

ՀՀ կառավարության ու մշակույթի նախարարության ջանքերով' օրեր առաջ Իտալիայից մարզ էր ժամանել Ալբերտո Տորսելլոյի գլխավորությամբ մասնագիտական խումբը (դարձյալ' որմնապատերի ամրակայման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով) Մասնագիտական խմբում էին նաեւ չափագրող ճարտարապետներ Անդրեատա Ջեորջեան, Գարսիա Չերեզուելա-Լուրդեսը, Մալարա Ուիդոն եւ Մինտո Սիմեոնեն:

Իտալացի մասնագետներն իրենց հետ ունեցել են ամենաժամանակակից տեխնիկա: Գերհզոր սարքավորումներով հինգ օր շարունակ, շուրջօրյա հսկողությամբ, քար առ քար նրանք ստուգել են ողջ համալիրի որմնապատերի դիմակայունությունը:

Բերված սարքավորումները հնարավորություն են տվել մասնագետներին առանձնացված կերպով որմնաշարից դուրս հանել թույլ ու վթարային հատվածները եւ չափագրված պատկերի մեջ ստուգել որմնաքարերի ճաքերն ու շաղախի ամրությունը: Համապատասխան եզրակացություն կտրվի յուրաքանչյուր կառույցի եւ վթարված ամեն հատվածի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ի Լոռու մարզի թղթակցին հայտնեց Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը, վանական համալիրն օր առաջ փլուզման վտանգից փրկելու նպատակով հրավիրված մասնագետների փորձառությունը լայն ճանաչում է գտել աշխարհով մեկ, եւ նրանք Հայաստան էին ժամանել Չինաստանում կատարած հնագույն քաղաքակրթության (փակ քաղաք համարվող) հուշարձան-արգելոցի բարդ ու հետաքրքիր աշխատանքների բարեհաջող ավարտից հետո:

ՀՀ Մշակույթի նախարարությունը մասնագիտական խմբին օժանդակելու խնդիրը դրել էր իր ենթակառույցի'»Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վրա. տնօրեն Վլադիմիր Պողոսյանի անմիջական հսկողության ներքո կազմակերպվեց ողջ գործընթացը, ամբողջ ընթացքում խմբին ուղեկցել է նույն կառույցի փոխտնօրեն' Արտաշես Առաքելյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում