4 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբաթ օրը Գյումրին հերթական անգամ նշեց քաղաքի տոնը: Այն նշվում է 2003 թվականից, եւ ամեն տարի այդ օրը, տոնական միջոցառումներից բացի, ավանդաբար շահագործման են հանձնվում մշակութային, հասարակական նոր կառույցներ:
Գյումրի այցելած պատվիրակությանը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ: Նշենք, որ հյուրերի շարքում էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, քաղաքապետեր, մշակութային գործիչներ:
«Ես ուզում եմ, որ գյումրեցիներն այսօր իսկապես ուրախանան: Չկա մի գյումրեցի, որ չհպարտանա իր քաղաքով: Քաղաքն էլ հպարտանում իր մարդկանցով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանը:
Արմեն Գեւորգյանը եւս, շնորհավորելով գյումերցիներին տոնի առթիվ, նշեց, որ Գյումրին փոխվում է, եւ այդ փոփոխությունն ակնհայտ է: Այդ փոփոխություններին, նրա խոսքով, նպաստել են նաեւ կառավարության կողմից մարզերին հրատապ լուծում պահանջող խնդիրների համար տրամադրող գումարները:
Հյուրերի առաջին կանգառը «Մուշ 2» թաղամասի շինհրապարակն էր, որտեղ վերջիններս ծանոթացան պետական միջոցներով «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվող շինարարության երկրորդ փուլին: Այստեղ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարը հերքեց լուրերը, թե շինարարությունը սառեցվել է:
Շինհրապարակում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գյումրին այսօր երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է, եւ արվում է ամեն ինչ, որ բացթողումները վերացվեն, լուծվի անօթեւանության խնդիրը:
«Մենք պարտավոր են մեր հայրաքաղաքը կառուցել: Անօթեւանության խնդրի լուծումից հետո պետք է մտածենք աշխատատեղերի մասին: Կառավարությունը պետք է քայլեր մտածի, որպեսզի ներդրումներ կատարվեն Գյումրիում, եւ մարդիկ աշխատանք ունենան: Ես գտնում եմ, որ Գյումրիին մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն եւ առանձնահատուկ վերբերմունք ցուցաբերենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:
«Մուշ 2»-ից հետո հաջորդ կանգառը «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնն էր: Այս տարվա ապրիլից քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվեց ազատամարտիկների գերեզմանների բարեկարգում: Այս ընթացքում պանթեոնում անցկացվել է ջրագիծ, տեղադրվել է նաեւ խաչքար:
Խնկարկումից հետո բոլորը մասնակցեցին «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի բացմանը: Օրվա ընթացքում Խաչքարերի պուրակում, որտեղ տեղադրված են Ջուղայի խաչքարերի 10 կրկնօրինակները, գյումրեցիներին եւ հյուրերին ներկայացվեցին 12 նոր խաչքարեր:Շահագործման հանձնվեցին նաեւ Վարդանանց հրապարակի լուսային շատրվանները:
Հյուրերը մասնակցեցին նաեւ «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված միջոցառմանը, որտեղ մի շարք մշակութային գործիչների շնորհվեց «Վարպետ»-ի կոչում:
Տոնակատարությունները շարունակվեցին կենտրոնական հրապարակում, որտեղ գյումրեցիներին իրենց շնորհավորանքը հղեցին մայրաքաղաքից ժամանած եւ Գյումրիի արվեստագետները: Տոնական համերգը տեւեց մինչ ուշ երեկո եւ ավարտվեց հրավառությամբ: