Մարզային

Տեղեկատվության մատչելիության ծրագիր` կապանցի փոքր ֆերմերների համար

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա»-ն տարածաշրջանի 12 համայնքում սեպտեմբերից սկսել է իրականացնել «Տեղեկատվության մատչելիություն փոքր ֆերմերների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից:

«Տասը ամիս տեւողությամբ այս ծրագիրը նպատակ ունի մեր կազմակերպության շահառու ֆերմերներին ապահովել համակարգչային տեխնիկայով, նրանց ուսուցանել համակարգչային գիտելիքներ, ինտերնետից օգտվելու կարողություններ, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան օգտվել համապատասխան կայքերից եւ ստանալ գյուղատնտեսության վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթանան գյուղատնտեսության նորագույն տեխնոլոգիաներին եւ ճիշտ կազմակերպեն գյուղատնտեսական աշխատանքները: Իսկ մենք ֆերմերներին պարբերաբար կապահովենք գյուղատնտեսության, շուկայի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությամբ», - «Արմենպրես»-ի Կապանի թղթակցին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արմինե Հակոբյանը:

Տրամադրված տեխնիկան տեղադրվելու է համայնքներում գործող ասոցիացիայի հենակետերում եւ 10 ամիս շարունակ ապահովվելու է անվճար ինտերնետ կապով: Իսկ ծրագրի ավարտից հետո այն մնալու է համայնքում եւ ծառայելու է նույն նպատակին: Չնայած ցանկացողները շատ են, բայց նախատեսված է ծրագրում յուրաքանչյուր համայնքից ընդգրկել 5 ֆերմեր, որոնց միջոցով տրամադրված տեղեկատվությունը կտարածվի համայնքի բնակիչների միջեւ:

«Մեր շահառու գյուղերը 18-ն են, լավ կլիներ բոլորն ընդգրկվեին ծրագրում, սակայն այդ հնարավորությունը չկա: Հիմա աշխատանքներ ենք տանում ծրագրից դուրս մնացած 6 համայնքներին գոնե անվճար ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ»,- ասաց Ա.Հակոբյանը:

Ծրագրի արժեքը 25 հազար ԱՄՆ դոլար է, որի մի մասը կազմակերպության ներդրումն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում