Ն. Սարկոզի. «Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նամակում, մասնավորապես, ասված է.

«Պարո'ն Նախագահ,

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին:

Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ' 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից:

Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային' նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը' մինչևիսկ միաձուլվելով նրան:

Նույն կերպ, ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը եւ որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված եւ նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության: Նաեւ, ցանկանում եմ Ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում:

Վստա'հ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է' Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության' բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը' հանուն Ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության' դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա:

Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացա'ծ եղեք, որ Ֆրանսիան ի սրտե եւ անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար:

Հայաստանին ցանկանում եմ խաղաղ եւ բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է եւ մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի եք:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո' պարոն Նախագահ, սիրելի' Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաեւ իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը»:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

«FlyOne armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ ՆԳ նախարար

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»