Ամերիկացի լրագրող Ջոն Ալպերտը վարպետության դաս է անցկացրել Վանաձորում
2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկշաբաթյա այցով Հայաստանում է հանրահայտ ամերիկացի լրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտը:Նա Հայաստանում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, «Ինտերնյուս» կազմակերպության հրավերով, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Հոկտեմբերի 16-ին 63-ամյա լրագրողը «Մեդիան' որպես հասարակությունը փոխելու միջոց» վարպետության դաս անցկացրեց Վանաձորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վանաձորից, լրագրողը պատմեց, թե ինչպես է սկսել հետաքրքրվել, զբաղվել լրագրությամբ, դրվագներ իր կյանքից եւ ցուցադրեց հատվածներ իր վավերագրական ֆիլմերից, որոնք նկարահանվել էին աշխարհի տարբեր անկյուններում' Վիետնամ, Նիկարագուա, Չինաստան եւ այլն:Նա վավերագրական նկարահանումներ է իրականացրել աշխարհի բազմաթիվ երկրներում, լուսաբանել գրեթե բոլոր պատերազմները:
Հանդիպմանը ներկաներից մեկը տեսաֆիլմերից հետո իր զարմանքն արտահայտեց. Ալպերտը, ամերիկացի լինելով հանդերձ, իրականում հանդես է եկել իր երկրի դեմ, փորձել իր տեսախցիկով ցույց տալ պատերազմի իրական դեմքը: «Հայրենասեր լինել' նշանակում է նաեւ քննադատել սխալ երեւույթները քո երկրում, չէ՞ որ դու ուզում ես, որ քո երկիրն ավելի լավը դառնա: Հենց այդպիսին է լինում իսկական հայրենասիրությունը' իմ կարծիքով»,- ի պատասխան ասաց լրագրողը: