2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանի արվեստի պետական քոլեջում երեկ կապանցիները հյուրընկալել էին միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, տաղանդաշատ ջութակահար Հրաչյա Ավանեսյանին: Նա ծնվել է Գյումրիում, իսկ հայրը' Սամվել Ավանեսյանը, ծնունդով Կապանից է: «Իմ այստեղ գալը պլանավորված չէր, համերգներով Երեւանում էի եւ ունեցած առաջին իսկ ազատ օրս եկա Կապան, որտեղ վերջին անգամ եղել եմ 2001-ին: Բայց երբ փոքր էի, ամեն տարի գալիս էի: Երկու ժամ է' այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ հանդիպել բոլոր հարազատներիս, բարեկամներիս, ծանոթներիս: Համերգից հետո շրջելու եմ քաղաքով' ուզում եմ տեսնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են իմ բացակայության ընթացքում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ջութակահարը:
Նախքան համերգը Հ. Ավանեսյանը պատասխանեց կապանցի հանդիսատեսի հարցերին: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին' ջութակահարն ասաց, որ մինչեւ տարեվերջ համերգներով հանդես կգա Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում: Հարցուպատասխանից հետո կապանցիները բախտ ունեցան ունկնդրելու ճանաչված ջութակահարի մի քանի կատարումներ' Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակով, որը մի ժամանակ նվագել է լեգենդար Նիկոլո Պագանինին: Կապանում կայացած փոքրիկ համերգի յուրահատկությունը, ըստ ջութակահարի, այն էր, որ իրեն նվագակցել են չորս տարբեր դաշնակահարներ' Կապանի արվեստի քոլեջի ուսուցիչներ ու շրջանավարտներ: Ի դեպ, Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճը, որտեղ կազմակերպված էր հանդիպումը, հենց այն նույն դահլիճն է, որտեղ առաջին անգամ 9 տարեկան հասակում կայացել է Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը: Հանդիպման ավարտին, սիրված ջութակահարը խոստացավ, որ այսուհետ Կապանում իր համերգների ընդմիջումները երկարատեւ չեն լինելու: