Հայրենիք վերադարձած 169 ընտանիք դիմել է «Կայուն վերաինտեգրում վերադարձից հետո» ծրագրին
3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականից մինչ օրս հայրենիք վերադարձած 169 միգրանտ ընտանիք դիմել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը'»Կայուն վերաինտեգրում վերադարձից հետո» ծրագրին մասնակցելու ցանկությամբ: Նրանցից ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել 119-ը: Նրանք հիմնականում Բելգիայից, Ավստրիայից, Հունաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Շվեդիայից եւ Չեխիայից հետ վերադարձողներն են:
Նշենք, որ 2010 թվականից կազմակերպությունն իրականացնում է մեկ այլ' «Միգրացիա եւ զարգացում» եռամյա ծրագիրը' Լիխտենշտեյնի կառավարության եւ Ավստրիական Կարիտասի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել միգրացիայի եւ զարգացման միջեւ կապերը հայ իրականության մեջ' նպաստելով Հայաստան վերադարձողների համար կայուն վերաինտեգրման մեխանիզմների ստեղծմանը եւ ստեղծելով պոտենցիալ միգրանտների համար արդյունավետ տեղեկատվական համակարգ: Իսկ երեւույթն արդյոք կարելի է զարգացում համարել' «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանը նշեց, որ միջազգային փորձում կա այն երեւույթը, որ միգրացիան ոչ միայն բացասական հետեւանքներ է ունենում, այլ նաեւ կարող է տանել զարգացման:
«Մենք եւս մտահոգված ենք երեւույթով, դրա համար այս ծրագրի շրջանակներում ցանկանում ենք մի կողմից կանխարգելել միգրացիան, մյուս կողմից' պոտենցիալ միգրանտներին ապահովվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ այլ երկրներ մուտքի, ելքի, աշխատանքի, կրթության հնարավորությունների վերաբերյալ: Իսկ ծրագրի մյուս նպատակը վերադարձողներին ճիշտ վերաինտեգրելն է, որի փորձը մենք արդեն ունենք այլ ծրագրերից»,-նշեց Տ. Տարախչյանը:
Վերաինտեգրվողների համար ծրագրերը տարբեր են' իրավաբանական եւ հոգեբանական օգնությունից մինչեւ սոցիալական: Այս երկրորդ ծրագրով, ըստ նրա, արդեն 46 ընտանիք տարաբնույթ օգնություն է ստացել:
Ի դեպ, որպես ծրագրին մասնակցելու պարտադիր պայման' նշվում է հայրենիք կամավոր վերադարձը: Վերաինտեգրման ծրագրերից կարող են օգտվել եվրոպական երկրներից վերադարձողները: Ծրագրի շահառու ճանաչվելու դեպքում' վերջիններս հնարավորություն ունեն նաեւ օգտվելու սեփական փոքր բիզնեսը հիմնելու հնարավորությունից: Առայսօր հաստատվել է 11 գործարար ծրագիր:
Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Աջակցող հիմնադրամ» վերադարձողների համար: