Կապանի մանկապարտեզներն աշխատում են գերհագեցած խմբերով
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապան քաղաքում գործող բոլոր' տասներեք, մանկապարտեզներն այսօր աշխատում են գերհագեցած խմբերով: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, 20-25 երեխայի համար նախատեսված խմբերում սաների թիվն անցնում է նույնիսկ 30-ը: «Առաջնային է դարձել մանկապարտեզներում երեխաների տեղավորման համար պայմաններ ստեղծելու հարցը: Գաղտնիք չէ, որ քաղաքի շատ երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում զուտ այս խնդրից ելնելով», - ասաց քաղաքապետը:
Քաղաքի չորս մանկապարտեզներում կան ազատ, բայց չնորոգված խմբասենյակներ:Դրանց նորոգումից հետո մոտ 120 երեխա եւս մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա, ինչի շնորհիվ կբացվեն նաեւ նոր աշխատատեղեր: Սակայն խմբասենյակների նորոգման ու կահավորման համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Խնդիրը լուծելու նպատակով քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը, հովանավորներին, նաեւ գլենդելահայությանը, որոնք միշտ աջակցել են քաղաքի նախակրթարանների հիմնախնդիրների լուծմանը: