Կապանում մտածում են օդանավակայան ունենալու մասին
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի նախկին օդանավակայանը վերագործարկելու համար ֆինանսական աջակցություն է առաջարկել օրերս Կապան այցելած «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Դանդի փրեշըս մեթըլս» կանադական ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը: Գործին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ինչպես նաեւ կապանցի գործարարներ, բնակիչներ:
«Խնդիրը ֆինանսական բնույթ չունի: Պարզապես նախկին օդանակավակայանի դիրքն այնպիսին է, որ ինքնաթիռն իր վերելքի եւ վայրէջքի ընթացքում պետք է անցնի ազատագրված տարածքներով: Ուրիշ կերպ հնարավոր չէ: Սա է միակ խանգարող հանգամանքը: Քննարկվել է նաեւ այլ տեղում նոր օդանավակայանի կառուցման հարցը, ինչը, սակայն, չափազանց մեծ գումարների հետ է կապված: Դա այսօր իրատեսական չեմ համարում: Միաժամանակ, խնդիրը շատ կարեւոր է, եւ այն պետք է լուծում ստանա», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: