3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ «Գրքարվեստ» 4-րդ հանրապետական եւ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 8-րդ միջազգային մրցույթների մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Հայ գրատպության 500- ամյակին ընդառաջ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2011 թ. գարնանն անցկացվել է «Գրքարվեստ» 4-րդ հանրապետական մրցույթը: Այս տարի մրցույթին ներկայացված էր շուրջ 32 անուն գիրք' յոթ անվանակարգում: Մրցույթին մասնակցել են Հայաստանում պետական պատվերով ու աջակցությամբ, ինչպես նաեւ հրատարակիչների նախաձեռնությամբ եւ միջոցներով հրատարակված գրքեր:
«Գիրքը հանրահռչակելը, գրատպությունը Մշակույթի նախարարության գերակա ուղղություններից մեկն է, եւ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս եւ նման այլ միջոցառումների շնորհիվ բարձրացնել գրահրատարակության մակարդակը»,- բացման հանդիսավոր խոսքում ասաց ՀՀ մշակութի փոխնախարար Արթուր Պողոսյանը' շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին:
«Գրքարվեստ» հանրապետական մրցույթը միտված է հրատարակչական եւ տպագրական գործի խթանմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում գրքի տպագրության ձեւավորմանը, դիզայնի որակի բարձրացմանը:
«Մենք ունենք շատ բարձր ավանդույթներ գրատպության ոլորտում, որոնցից հեռանալ կնշանակի հեռանալ մեր ժողովրդի պատմությունից: Գիրքը ուղիղ ճանապարհ է դեպի մարդկային հոգին»,- նշեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը: Նա խորհրդանշական համարեց նաեւ այս միջոցառումը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացնելը, քանի որ այն տարիներ շարունակ եղել է իր պապի' Ավետիք Իսահակյանի եւ այլ դասականների հավաքատեղին, նաեւ երկրային վերջին հանգրվանի սրահը:
«Գրքարվեստ» հանրապետական մրցույթում ներկայացված էին «Իմ հայրենիքը», «Մեր ժամանակակիցը», «Գիրք' գրքի մասին», «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք» եւ այլ անվանակարգեր, յուրաքանչյուրի համար սահմանված էր 3 մրցանակային տեղ:
Մոսկվայի' ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 8-րդ մրցութին «Մշակութային ժառանգություն, գիտություն եւ կրթություն» անվանակարգում առաջին դափնեկիր է ճանաչվել «Տիգրան Մեծ» տպագրատունը Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքներ» գրքի համար: Նույն գիրքն արժանացել է նաեւ հանրապետական մրցույթի գլխավոր մրցանակին: «Մեր ժամանակակից» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Գիտություն» հրատարակչության' Սոս Սարգսյանի «Կանչ» գիրքը: