1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դսեղում 25-րդ անգամ մեկնարկեց «Թումանյանական օրեր» տոնախմբությունը: Բազմաթիվ հյուրեր' Հայաստանից եւ արտերկրից' դպրոցականներ, մտավորականներ, Հովհաննես Թումանյանի տաղանդը գնահատողներ, այցելեցին ամենայն հայոց բանաստեղծի' Դսեղում գտնվող տուն թանգարան:
Կիրակի օրը' հոկտեմբերի 2-ին, մեկնարկած հանդիսության ընթացքում կազմակերպվեց թումանյանական հերոսների տիկնիկների ցուցահանդես: Հանդիսությանը ներկա էին եւ ելույթ ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, իսկ Հովհ. Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանը, թանգարանին նվիրեց մեծ լոռեցու դուստրերից Սեդայի գոգնոցը: