Մարզային

Երկօրյա տոնակատարություն Կապանում` նվիրված քաղաքի 73-ամյակին

3 րոպեի ընթերցում

Երկօրյա տոնակատարություն Կապանում` նվիրված քաղաքի 73-ամյակին

ԿԱՊԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում կիրակի շարունակվեցին նախօրեին մեկնարկած «Կապանյան օրեր» տոնական միջոցառումները: Իսկ մինչ այդ' նախորդ օրը հրավիրված հանդիսավոր նիստի ժամանակ, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը դրամական պարգեւներ հանձնեց քաղաքի վետերաններին եւ մի խումբ ուսուցիչների: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալների արժանացան կապանցի մի շարք ազատամարտիկներ, որոնց պարգեւները հանձնեց նախարարարության հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Նիկոլայ Բաբայանը: Վերջինս իր ելույթում շնորհավորեց կապանցիներին քաղաքի տոնի առիթով եւ հավաստիացրեց, որ ոչ միայն Կապանի, այլեւ մարզի օդային տարածքը հուսալիորեն պաշտպանված է թշնամուց:

Կապանի քաղաքապետը «Կապան» ոսկե մեդալ շնորհեց 3 կապանցիների, նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր կանադական «Դանդի փրեշըս մեթըլս» կազմակերպության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանին: Վերջինս, մարզի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, Սյունիքի մարզպետի կողմից պարգեւատրվեց նաեւ «Ակսել Բակունց» հուշամեդալով: ՀՀ կառավարության անունից շնորհավորանքի խոսք ասաց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Կապանը օր օրի գեղեցկանում է, Կապանը օր օրի շենանում է եւ նորից հավակնում է լինել իր արդյունաբերական քաղաքի կարգավիճակում, ինչպես որ միշտ եղել է: Վստահ եմ , որ Կապանը հետագա տարիներին ավելի մեծ հաջողություններ է արձանագրելու», - ասաց փոխնախարարը: Հանդիսավոր նիստի ավարտին կապանցիներին իրենց ելույթով շնորհավորեցին վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը: Տոնակատարությունների երկրորդ օրը սկսվեց վաղ առավոտյան փողային նվագախմբի ելույթով: Քաղաքի օրվա առիթով Կապան ժամանած հյուրերին տոնական ընթրիք տրվեց քաղաքապետարանում, որի մի մասը կազմեց տոնի առիթով թխված հսկա տորթի համտեսումը:

Հաջորդ կանգառը Բաղաբուջի հուշահամալիրն էր, ուր այցելելով' կապանցիները ծաղիկներ դրեցին նահատակների շիրիմներին: Իսկ հետո հյուրերը ներկա եղեն Կապանի մի շարք թաղամասերում խաղահրապարակների, Շահումյան փողոցում' խաղաղության պուրակի, Գլենդելի հայ բարերարների աջակցությամբ նորոգված թիվ 4 մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություններին, տոնական համերգներին, այցելեցին երկրագիտական թանգարան, որտեղ «Հիշողություն» խորագրով կազմակերպված ցուցադրությամբ ներկայացված էր Կապանի պատմությունը: Իսկ երեկոյան քաղաքի մարզադաշտում կապացներին իր մենահամերգով շնորհավորեց երգիչ Արման Հովհաննիսյանը: Կապանի 73-րդ տարելիցին նվիրված երկօրյա տոնական միջոցառումների վերջին ակորդը եղավ ուշ երեկոյան մեծ հրավառությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում