Սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք ծրագրեր` Վ. Գետաշենում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երեք ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում սկսվել եւ ընթանում են սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք ծրագրերի իրականացման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վ. Գետաշենի համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը, տեղական բյուջեի միջոցների հաշվին եւ Վ. Գետաշենի նախկին բնակիչներ, այժմ արտերկրում գործարարությամբ զբաղված Ռադիկ Մխիթարյանի եւ Անդրանիկ Մեհրանյանի բարերարությամբ, հիմնանորոգվել է Վ. Գետաշենի խմելու ջրատարի արտաքին ցանցը 4.5 կիլոմետր երկարություն ունեցող հատվածում:
Տեղական բյուջեից ներդրվել է մոտ 14 միլիոն դրամ, իսկ խողովակների ձեռքբերման գումարը տրամադրել են բարերարները: 1961 թվականին շահագործված ջրատարի ցանցի ազբեստյա խողովակները փոխարինվել են 200 միլիմետր տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով, ինչի արդյունքում ոչ միայն վերացել են վթարային իրավիճակները, այլ նաեւ ավելացել է գյուղին մատակարարվող խմելու ջրի քանակությունը: Ծրագիրը մեկնարկել է հունիս ամսին եւ ավարտվել օրեր առաջ: Այս պահի դրությամբ սկսվել եւ ընթանում է գյուղապետարանի շենքի հիմնանորոգումը: Այս նպատակի համար տեղական բյուջեից ներդրվել է մոտ հինգ միլիոն դրամ: Աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացում: Օգոստոս ամսից այստեղ սկսվել եւ ընթացքի մեջ են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Պետբյուջեից հատկացված 30 միլիոն դրամի հաշվին ամբողջությամբ նորոգվում է շենքի ձեղնահարկը, փոխվում են դռները եւ պատուհանները: Շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսին: Մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները կիրականացվեն մեկ այլ դոնոր կազմակերպություն գտնելու պարագայում, ինչից հետո միայն հնարավոր կլինի սեզոնային գործող մանկապարտեզը դարձնել շուրջտարյա: