ՀՀ-ում ապահովագրված է հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 78-79 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011թ-ի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից տուժած անձանց վճարված հատուցումները կազմել են շուրջ 33 մլն դրամ, որից 13.7 մլն վճարված է անձնական վնասների գծով, իսկ 19.3 մլն' գույքային վնասների գծով: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ լսումների ընթացքում տեղեկացրեց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա ներկայացմամբ' բյուրոյի կողմից վճարված հատուցումների շուրջ 70 տոկոսը (23.4 մլն դրամ) բաժին է ընկել այն տուժողներին, որոնց վնաս է պատճառվել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ: Հատուցումների շուրջ 30 տոկոսը (9.6 մլն դրամ) բաժին է ընկել այն տուժողներին, որոնց վնաս է պատճառվել անհայտ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ (վրաերթ եւ փախուստ): Բյուրոյի կողմից ՀՀ բուժհաստատություններին վճարված նախնական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է 12.7 մլն դրամ:

Վ.Ավետիսյանը ներկայացրեց նաեւ 2011թ-ի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապահովագրված ավտոմեքենաների թվաքանակի դինամիկան: ՀՀ-ում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների քանակը 465 029 է, իսկ ԼՂՀ-ում' 17 873, որոնցից ապահովագրված է շուրջ 13 հազարը:

Ընդհանուր առմամբ' 2011թ-ի առաջին 8 ամիսների դրությամբ ՀՀ-ում ապահովագրված է հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 78-79 տոկոսը:

Հայերեն