2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՅուՔոմ» ընկերությունը սեպտեմբերի կեսից ավելացրել է ինտերնետ եւ այլ ծառայությունների արագությունն ու փաթեթային հնարավորությունները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՅուՔոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը' սեպտեմբերի 6-ին տված խոստումից հետո, համաձայն որի' լինելու է նույն սակագնի ինտերնետի արագության կրկնապատկում, այժմ տարբեր արագություններ ու սակագնային փաթեթներ ունեցող բաժանորդների ինտերնետի արագությունը կրկնապատկվել է 1.5-ից 2 անգամ:
«Ներկա պահին նվազագույն արագությունը, որը կա «ՅուՔոմ»-ում, 8000 դրամ ինտերնետ հասանելիությունն է 3 մբ/վ արագությամբ: Միաժամանակ 48-ով ավելացել է հեռուսատեսային ծառայության ալիքների քանակը' հասնելով 116-ի նույն գնի դիմաց»,- ասաց Հ. Եսայանը' հավելելով, որ ձեռք են բերվել նաեւ հեռախոսային նոր համարային շարքեր, այժմ արդեն 060, 044-ից բացի, գործելու են 050, 051, 052, 053, 054-ը:
Անդրադառնալով Երեւան քաղաքում «ՅուՔոմ» ընկերության ծառայություններից օգտվողների քանակին, ինչպես նաեւ նրա ծածկույթի ընդլայնմանը' տնօրենը նշեց, որ արդեն ծառայությունների տարբեր փաթեթներից օգտվում են ավելի քան 17 000 բաժանորդներ, իսկ «ՅուՔոմ»-ի հեռախոսահամարներից օրական օգտվում է ավելի քան 7 000-ը: «Մինչեւ այս տարվա վերջ արդեն օպտիկամանրաթելային ծածկույթով ծածկված կլինի ամբողջ Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջանները: Սպասվում է, որ կսկսվի նաեւ Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի վարչական շրջանների ընդգրկումը ծածկույթի շրջանակներում: Արդեն ավարտվել է Քանաքեռ-Զեյթունի ներգրավվումը»,- ասաց ընկերության տնօրենը: