Պրեմիերա` Կապանի մանկական տիկնիկային թատրոնում
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանի մանկական տիկնիկային թատրոնը իր հերթական պրեմերիան' «Կանաչ Կապան» բեմադրությունը, ներկայացրեց հանդիսատեսի դատին: Առաջին անգամ թատրոնի կոլեկտիվը տիկնիկների լեզվով անդրադարձավ քաղաքի բնապահպանական խնդիրներին: Ներկայացման հերոսները Իմաստունի մոտ բողոքում էին կապանցիներից, որ աղբը գետն են թափում, աղտոտում են շրջապատը, անդրադարձ կա նաեւ լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը զուգահեռ ավելացող բնապահպանական խնդիրներին:
Չնայած ներկայացման 7 տիկնիկավարները 10 տարեկան երեխաներ են, սակայն այն մեծահասակների համար է: «Այս ներկայացումը թվով երրորդն է, որ բեմադրել ենք ԱՄՆ դեսպանատան փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Առաջին բեմադրությունը կեղծիքի մասին է, երկրորդը' կաշառակերության, իսկ այս մեկի միջոցով փորձել ենք վեր հանել այսօրվա մեր քաղաքի բնապահպանական խնդիրները», - տեղեկացրեց թատրոնի տնօրեն Գրիշա Մարգարյանը: