2 րոպեի ընթերցում
ԿԱՀԻՐԵ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի միլիոնավոր կանանց համար հիրավի հեղափոխական որոշում Է ընդունել երկրի Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը: Ամենապահպանողական իսլամական պետության միապետը նախօրյակին հայտարարել Է, որ կանայք իրավունք կստանան մասնակցելու Խորհրդատվական խորհրդին (Մաջլիս աշ Շուրա) եւ քվեարկվելու հաջորդ մունիցիպալ ընտրություններում:
«Հանդես գալով կանանց մեկուսացման եւ շարիաթի օրենքներին ենթակա գործունեության ոլորտներից նրանց բացառման դեմ՝ մենք, այդ հարցը քննարկելով կրոնական հեղինակությունների հետ, որոշում ենք ընդունել կանանց որպես լիիրավ անդամներ ներգրավել Խորհրդատվական խորհրդում՝ նրա հաջորդ ժամկետից սկսած: Կանայք նաեւ կկարողանան իրենց թեկնածություններն առաջադրել մունիցիպալ ընտրություններում եւ ձայնի իրավունք կստանան»,-հայտարարել Է թագավորը Խորհրդատվական խորհրդի անդամներին հղած իր ուղերձում:
Թագավորի այս հայտարարությանը Սաուդյան Արաբիայի կանանց բազմաթիվ շարժումների ակտիվիստները սպասում Էին երկար տարիներ: Ի տարբերություն արաբական եւ իսլամական մյուս պետությունների կանանց, սաուդուհիները զրկված են շատ իրավունքներից: Օրինակ՝ նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին, քվեարկել կամ ավտոմեքենա վարել: Երկրում շատ փոքր Է այն կանանց թիվը, ովքեր կարող են իրենց թույլ տալ աշխատել, բարձրագույն կրթություն ստանալ իրենց հայեցողությամբ: