1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում տեղադրված 29 հակակարկտային կայաններին կավենան եւս 7-ը: Կայանները կտեղադրվեն համաֆինանսավորման սկզբունքով' պահանջվող գումարի մի մասը հատկացվում է համայնքի, մյուսը' «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից: Արդեն կնքված են եռակողմ պայմանագրեր'համայնքների, հակակարկտային կայաններ արտադրող «Բարվա» ՍՊԸ-ի եւ հիմնադրամի միջեւ, իսկ հատկացված տարածքներում մեկնարկել են հողային աշխատանքները:
Նշենք, որ տեղադրվող նոր' «Զենիթ 100» տեսակի հեռակառավարվող կայանները կարկտահարությունից կպաշտպանեն մարզի սահմանամերձ հարավարեւելյան հատվածը: Ըստ նախատեսվածի'մեկ հակակարկտային կայան կտեղադրվի Ախուրյանի տարածաշրջանի Երազգավորս, երկուական կայաններ' Գետք, Ղարիբջանյան եւ Ախուրիկ համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց Երազգավորս համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը, սրանք այն համայնքներն են, որոնք ամեն տարի տուժել են կարկտահարությունից, իսկ համայնքների բյուջեների հաշվին կայաններ տեղադրել հնարավոր չէր:
Կայանները շահագործման կհանձնվեն մեկ ամսից: