Աշխատանքի տոնավաճառ՝ Գյումրիում
3 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ, պետական բյուջեից ֆինանսավորմամբ, Գյումրիում անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ»:
Տոնավաճառի բոլոր մասնակիցներին ողջունեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը եւ մաղթեց արդյունավետ օր' աշխատանք փնտրողին աշխատանք, իսկ գործատուին' աշխատող:
«Աշխատանքի տոնավաճառ»-ը ամենամյա պետական կարեւորագույն ծրագրերից մեկն է, որն ուղղված է աշխատանքի տեղավորման ամենաարդյունավետ մեթոդների կիրառման արդյունքում թափուր աշխատատեղերի արագ լրացմանը եւ գործատուներին համապատասխան աշխատողներով ապահովմանը: Սա լավագույն միջազգային ծրագրերից մեկն է, որն արդեն երեք տարի մեր հանրապետությունում իրականացվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ ապահովում է արդյունավետության բարձր ցուցանիշներ: Ի դեպ, անցած տարվա տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղերը վեց ամիսների ընթացքում հարյուր տոկոսով լրացվել են, ինչը խոսում է միջոցառման կարեւորության մասին»,- նշեց Ս. Հարությունյանը:
Տոնավաճառին մասնակցելու հայտ էր ներկայացրել 33 գործատու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զբաղվածության' Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, ներկայացված է 142 առկա եւ 100 կանխատեսվող թափուր աշխատատեղ:
«Ենթադրում ենք, որ տոնավաճառին կմասնակցեն ավելի քան 3000 աշխատանք փնտրող քաղաքացիներ: Այս անգամ հնարավորություն է տրվել նաեւ մասնակցելու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությանը: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումը մեծ նշանակություն ունի մարզի տնտեսական զարգացման հարցում:Եթե աշխատանք փնտրող քաղաքացին տվյալ պահին չի կարող գտնել համապատասխան աշխատանք, կապեր հաստատելով տարբեր գործատուների հետ' հետագայում կտեղեկանա թափուր աշխատատեղերի մասին կամ կվերանայի սեփական հմտությունները»,-նշեց Ա. Ադամյանը:
Ի դեպ, Գյումրիում այս պահին կան կոշկագործների, դիզայներների, գովազդային գործակալների, բարմենների, շինարարների, գազալիցքավորողների, առաքիչների, ավտոմեխանիկների, հացթուխների, որմնադիրների թափուր աշխատատեղեր:
Այս տարվա ընթացքում նմանատիպ տոնավաճառներ են կազմակերպվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: