Վ. Ղուկասյան. «Որքան ՏԻ մարմինները մեր երկրում հզոր լինեն, այնքան պետության եւ ժողովրդի հոգսերը քիչ կլինեն»
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նախօրեին մեկնարկած ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15- ամյակին նվիրված' Միջհամայնքային մշակութային առաջին' «ART expo» ցուցահանդեսը շարունակվում է նաեւ այսօր: Ցուցահանդեսին ներկա ավելի քան 90 քաղաքային եւ գյուղական համայնքների համար այս մշակութային միջոցառումը ոչ միայն կատարած աշխատանքի հաշվետվություն է, այլ միմյանց հետ ավելի մոտիկից ծանոթանալու եւ հետագա համագործակցության լավագույն հնարավորություն:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց Չարենցավանի փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանը, նմանատիպ միջոցառումները պետք է անցկացվեն պարբերաբար:
«Մեր համայնքն այս ցուցադրությանը մասնակցում է մի քանի անվանակարգերում' լավագույն գրադարան, մշակութային համայնք, ֆիլմ, ունենք նաեւ անհատ կատարողներ: Այս միջոցառման արդյունքում կմեծանա միջհամայնքային շփումը, կծանոթանանք մյուս մարզերի մշակութային կյանքին, կիրականացվի փորձի փոխանակում, իսկ մրցակցությունը կբերի զարգացման' ինչպես մշակութային, այնպես էլ համայնքային»,-նշեց Վարդգես Չիլինգարյանը:
Երկու օրերի ընթացքում իր մշակութային տարբեր օջախներով եւ գյումրեցուն հատուկ հյուրասիրությամբ աչքի է ընկնում նաեւ Գյումրու տաղավարը: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը ՏԻ մարմինների կայացման մասին, նշեց, որ համակարգը կայացել է, չնայած փոփոխություններն անհրաժեշտ են:»Որքան ՏԻ մարմինները մեր երկրում հզոր լինեն, այնքան պետության եւ ժողովրդի հոգսերը քիչ կլինեն, որովհետեւ ժողովուրդը խնդրի դեպքում առաջինը դիմում է իր ընտրած քաղաքապետին կամ գյուղապետին, իսկ եթե մեր լծակները, մեր ֆինանսական հնարավորությունները մեծ լինեն, մենք ավելի շատ կպաշտպանենք մեր ժողովրդի շահերը»,-նշեց քաղաքապետը: