2 րոպեի ընթերցում
ԳՅՈւՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց համայնքների ձեւավորման 15-ամյակին նվիրված միջհամայնքային մշակութային մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Սեպտեմբերի 8-9-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել եւ անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունների, Համայնքների միության նախաձեռնությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակի հետ զրույցում նշեց ՀՀ պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մրցույթ-փառատոնի կազմակերպչական խմբի ղեկավար Գագիկ Մանասյանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15- ամյակի առթիվ ստեղծվել է պետական հանձնաժողով, եւ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում էլ Գյումրիում անցկացվում է ինքնագործ խմբերի մրցույթ-փառատոն:
«Մրցույթ-փառատոնը Գյումրիում է անցկացվում ոչ միայն մշակութային ավանդույթների ու ակտիվ գործունեության համար. պատճառներից մեկն էլ այն է, որ նախատեսվում է 2013 թվականին Գյումրին առաջարկել ԱՊՀ երկրների համար որպես մշակութային մայրաքաղաք, եւ կարծես թե նախապատրաստվում ենք դրան»,- ասաց Գ. Մանասյանը:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք անվանակարգերով' ժողովրդական երգ, պար եւ ազգային նվագարաններ: Մրցույթ-փառատոնը կշարունակվի նաեւ վաղը, իսկ արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի: Հաղթողներին կշնորհվեն դրամական պարգեւներ:Գալա համերգը տեղի կունենա նոյեմբերին Երեւանում: