Ապարանի բժշկական կենտրոնը շուտով կբացի իր դռները
2 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարանի բժշկական կենտրոնում իրականացված հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով' ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեցին բժշկական կենտրոն: Նրանք շրջայց կատարեցին երկհարկանի կառույցի բոլոր հարկաբաժիններում, ծանոթացան արդեն ավարտված շինարարական աշխատանքների որակին, կենտրոնի առաջիկա խնդիրներին:
Հիվանդանոցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի Առողջության ծրագրերի իրականացման գրասենյակի ֆինանսավորմամբ: Փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, կատարվել են արտաքին եւ ներքին հարդարումներ, կոյուղու, տաք եւ սառը ջրերի նոր համակարգեր են կառուցվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Շմավոնյանը, վերանորոգման ծրագիրը բավականին ընդգրկուն է: Բուժհաստատությունը հագեցվել է բոլորովին նոր եւ արդիական սարքավորումներով, համապատասխան գույքով:
Բժշկական կենտրոնում կլինի 50 մահճակալ, կաշխատեն մասնագիտական բոլոր կաբինետները, ախտորոշիչ կենտրոնը: Չի զգացվում նաեւ մասնագետների կարիք: Այստեղ ներգրավված բոլոր բուժաշխատողներն անցել են համապատասխան որակավորման դասընթացներ եւ ի զորու են իրենց խնդիրը կատարելու ժամանակակից պահանջներին համապատասխան:
Ներկայում ընթանում են սարքավորումների տեղադրման վերջին աշխատանքները, եւ առաջիկայում բժշկական կենտրոնը հանդիսավոր կերպով կբացի իր դռները: