Մարզային

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն արդեն վավերացրել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարելիցի տոնակատարություններին նվիրված մարզային միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային հաստատություններում ստեղծել պատի թերթեր ու վահանակներ' անկախության օրվա բովանդակությամբ: Կստեղծվեն ցուցահանդեսներ, կկազմակերպվեն դպրոցական գրական-երաժշտական ցերեկույթներ:

Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից' 2011-2012 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսվում է անցկացնել «Անկախություն-20» թեմայով բաց դասեր:

Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոն Գավառ քաղաքում կկայանա հանդիսավոր նիստ, որտեղ նախատեսվում են մեծարման ու պարգեւատրման արարողություններ մարզի եւ համայնքների ղեկավարների կողմից, որին էլ կհաջորդի տոնական համերգը: Մարզկենտրոնում կազմակերպվող միջոցառումը կիրականացվի ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ:

Անկախության տոնի շրջանակներում սեպտեմբեր ամսին նախատեսվում է մարզում կազմակերպել բռնցքամարտի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնություններ եւ վազքարշավ: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում կյանքի կկոչվի մարզի ստեղծագործողների փառատոնը: Նոյեմբերին կայանալիք «Ուսանողական աշուն» փառատոնը եւս նվիրված կլինի Անկախության տարելիցին: Վերջին երկու միջոցառումները եւս կֆինանսավորվեն ՀՀ պետբյուջեի միջոցներով:

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կայանալիք «Հայաստանի երեք հանրապետությունները» խորագրով ցուցադրությունը կեզրափակի տոնական միջոցառումների շղթան:

Տոնական օրերին սպորտլանդիա կկազմակերպեն Գեղարքունիքի մանկապարտեզները: Մրցույթի մեկնարկը արդեն տրված է: Նախատեսվում է սեպտեմբերի 1-15-ը կազմակերպել մանկական սպորտլանիդայի տարածքային փուլը, իսկ սեպտեմբերի 20-ին' տոնական օրվան ընդառաջ, իրականացնել մարզային փուլը:

Անկախության 20-ամյակը կնշվի մարզի հինգ քաղաքային համայնքներում, կլինեն տոնական համերգներ, հրավառություններ, ելույթներով հանդես կգան հանրապետական ճանաչում ձեռք բերած երգիչներ ու երաժիշտներ:

Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կհրավիրվի խորհրդակցություն, որի հիմնական առանցքը կլինի Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման քննարկումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում