Սյունեցիները կունենան որակյալ սերմացու աշնանացանի համար
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին կտարամադրվի հացահատիկի սերմացու' եկող աշնանացանը ժամանակին ու որակով կատարելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, որ նախատեսված է ՌԴ-ից հանրապետություն ներկրվելիք ցորենի սերմացուից 20-25 տ տրամադրել մարզին: Դա սուպեր էլիտար սերմացու է, որը կբաշխվի մարզի սերմարտադրությամբ զբաղվող ֆերմերներին' եկող տարի մարզում առաջին արտադրության որակյալ սերմ ունենալու համար: Մարզի 1-3 հա վարելահող ունեցող գյուղացիներին այս տարի եւս կհատկացվի սերմացու: Այն կլինի տեղական արտադրության' ստացված 15 հա եւ ավելի վարելահող ունեցող մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից, որոնց սերմարտադրության նպատակով տրամադրված էլիտար սերմացուից ստացված բերքը գոհացուցիչ է: Աշնանացանը ժամանակին եւ որակով կատարելու համար մարզում մշակված է պլան' աջակցելու հատկապես կարկուտից տուժած համայնքներին: