Մարզային

Վերականգնվում է Որոտնավանքի որմնանկարը

2 րոպեի ընթերցում

Վերականգնվում է Որոտնավանքի որմնանկարը

ՍԻՍԻԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Մշակույթի նախարարության թույլտվությամբ վերականգնվում է Սիսիանի տարածաշրջանի Որոտնավանքի վանական համալիրի (9-11-րդ դդ) Շահանդուխտի որդի Սեւադայի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու միակ որմնանկարը: «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացնում է այդ գործի մեծ գիտակ, ազգությամբ իտալացի Քրիստին Լամուղեն, ում աջակցում է որմնանկարների վերականգնման գլխավոր մասնագետ Արժանիք Հովհաննիսյանը: Ենթադրվում է, որ որմնանկարն արվել է 10-րդ դարում եւ այն Հայաստանում եզակի է իր տեսակի մեջ: Կլոր շրջանակի մեջ արված աշխատանքում կան կենդանակերպեր, մարդկային ֆիգուրներ, հրեշտակներ: Որմնանկարը ռեստավրացիայի ենթարկվել է նաեւ 1974-75թթ.-ին' ռուս մասանգետների կողմից: Քրիստին Լամուղեն նախ հատուկ նյութերով մաքրել է որմնանկարը, այնուհետեւ վերականգնել վնասված հատվածները, որից հետո վերականգնվել են գունային պատկերներն այնպես, ինչպես որ եղել է բնօրինակը: Իսկ որմնանկարի այն հատվածներում, որտեղ բացակայում է գունային մասը կամ հստակ չեն հասկացվում ֆիգուրները, ոչ մի աշխատանք չի կատարվում: Վերականգնման աշխատանքների ավարտից հետո որմնանկարն ամբողջովին պատվելու է հատուկ նյութով, որպեսզի այն այսուհետ պաշտպանված լինի արեւի ճառագայթներից, փոշուց, քամուց եւ այլ արտաքին վտանգավոր ազդեցություններից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում