ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան խնդիրը ցավոտ է ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի համար: Այս մասին այսօր Սեւան կատարած այցի ընթացքում, «Միասին» երիտասարդական շարժման եւ «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը' պատասխանելով երիտասարդներից մեկի' Ղարաբաղյան խնդրին եւ դրա վերջնաժամկետին վերաբերող հարցին: «Եթե հեշտ լիներ, ապա այդ խնդիրն արդեն լուծված կլիներ»,-հավաստիացրեց նախագահը' փաստելով, որ այն բարդ խնդիր է, «բարդ է, որովհետեւ խորն արմատներ ունի»:
Ս. Սարգսյանը երիտասարդներին հավաստեց, որ տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, եւ հիմա Ադրբեջանի ղեկավարները շատ մեծ բարդության առջեւ են կանգնած: «Նրանք երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, պարզ խոսակցություն վարել եւ ասել, որ այս հողը հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրել»,-ասաց նա' հավատացնելով, որ այդ անկեղծությունն առաջին հերթին կբխի նրանց շահերից: «Վստահ եմ, որ դրա ժամանակը կգա, որքան էլ դժվար ու խնդրահարույց լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման համար բանալի գտնել: «Մենք»' նկատի ունեմ ե'ւ Հայաստանը, ե'ւ Ղարաբաղը, ե'ւ Ադրբեջանը»,-նշեց նախագահը' արձանագրելով, որ այն միջավայրը, որը ստեղծված է, այդ հնարավորությունները չի տալիս:
«Ինչպե՞ս կարող եմ ես խնդրի լուծման որեւէ ժամկետ նշել, երբ խոսում եմ խաղաղ կարգավորման մասին: Ինչպե՞ս է հնարավոր խաղաղ կարգավորում, երբ ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական բառեր են միայն հնչում, երբ ատելություն է քարոզվում»,-դիտարկեց երկրի ղեկավարը' փաստելով, որ «մենք մի տեսակ դրան հարմարվել ու սովորել ենք, որովհետեւ դա առաջին, երկրորդ տարին չէ»: Ըստ Ս. Սարգսյանի' հիմա նույն ձայնասկավառակն է կրկնվում, «ուղղակի մեկ-մեկ նոր ելեւէջներ են մեջտեղ գալիս»:
Դիմելով «Միասին» երիտասարդական շարժման եւ «Արի տուն» ծրագրի մասնակիցներին' նա նշեց, որ դժվար թե երիտասարդները հիշեն, սակայն նրանց ծնողներն ու ավագ սերունդը կհիշի 1990-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները' Մութալիբովը, Էլչիբեյը, նույն պատմությունն էին պատմում այն մասին, թե ինչքան հզոր է Ադրբեջանը, եւ ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները, ինչքան քիչ' հայերը: «Հիմա եւս նույն պատմությունն է' Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենք տնտեսապես հզոր են եւ այլն»,-նկատեց Ս. Սարգսյանը: «Բայց ես եւ իմ հասակակիցները արդեն 20 տարի է' այս պատմությունը լսում ենք, եւ բոլորս էլ համոզվեցինք, թե ինչի կարող է բերել այս մեծախոսությունը»,-ասաց նա' հավաստելով, որ Ադրբեջանի համար այն բերեց ողբերգական արդյունքներ: Ըստ ՀՀ նախագահի' Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, որը շատ թե քիչ իրատեսական էր խոսում, մնացած բոլորը խոսում էին այսօրվա նման: «Ի՞նչ եղավ արդյունքը. ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ»,-հայտարարեց Ս. Սարգսյանը:
«Մեզանում թող թուլություններ չփնտրեն ո'չ մեր ընդդիմախոսները, ո'չ էլ մեր հակառակորդները.նրանք, ովքեր փորձում են իմ, իմ գործընկերների ելույթներում վախի նշան եւ ավանտյուրա գտնել, ուղղակի սխալ մարդիկ են, ճիշտ մարդիկ չեն»,-ազդարարեց երկրի ղեկավարը' նկատելով, որ պատմությունը, ժամանակն ապացուցել է, թե ով է վախենում, ով է ավանտյուրիստ, ով կարող է թողնել, փախչել, ով կարող է կռվել, ով կարող է պատրաստ լինել հայրենիքի համար զոհվելու: «Ասելով ընդդիմախոսներ' նկատի ունեմ ե'ւ հայ, ե'ւ ադրբեջանցի ընդդիմախոսներին»,-մանրամասնեց նա' հավատացնելով, որ իր խորին համոզմունքն է, որ իրոք պետք է գտնել խաղաղության բանալի:
Երիտասարդներին Ս. Սարգսյանը բացատրեց, որ մարդիկ, ովքեր զբաղեցնում են քաղաքական կարեւորագույն դիրքեր, կարեւոր պետական պաշտոններ, առաջինն իրենք պետք է կարողանան նայել մարդկանց աչքերին եւ ասել' «լուծման տարբերակը սա է»: «Ես նայում եմ ձեզ եւ ասում եմ' իմ լուծման տարբերակը, իմ մտածածն այն է, որ դա լինի խաղաղ ճանապահով»,-հայտարարեց նա' փաստելով, որ նպատակը բոլորին հայտնի է' Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի ենթակայության տակ: «Մենք դրան հասնելու ենք»,-հավաստեց նախագահը' ընդգծելով, որ մեծ հաշվով, խնդիրը լուծված է:
«Ձեզնից ո՞վ է գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ այնտեղ որեւէ մեկը կասկածե՞լ է, որ իրենք ինքնուրույն պետություն են»,-նախագահը դիմեց երիտասարդներին եւ հաշվի առնելով ակնհայտ պատասխանը' փաստեց, որ վաղուց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է, ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: «Վաղ, թե ուշ, միեւնույնն է, Ղարաբաղի ճանաչման խնդիրը լուծվելու է, սակայն ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե'ւ Ադրբեջանի, ե'ւ Ղարաբաղի, ե'ւ Հայաստանի համար»,-հավաքվածներին հավատացրեց Հայաստանի Հանրապետության նախագահը: