«Հայկական ներկապնակ»-ը բացահայտում է Գյումրու կոլորիտը
1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության, մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» առաջին միջազգային սիմպոզիումը, որի շրջանակներում Հայաստանի, ՌԴ եւ Բելառուսի նկարիչներն այցելում են հանրապետության տարբեր մարզեր եւ կտավին հանձնում հայկական գույները' տարբեր մեկնաբանություններով:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց գեղանկարիչ, սիմպոզիումի ղեկավար Գագիկ Ավետիսյանը, նկարիչներն այս սիմպոզիումի շրջանակներում չէին կարող չլինել նաեւ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում' Գյումրիում, իսկ Գյումրու դիմագիծը' ճարտարապետությունն ու կենցաղը, ավելի տեսանելի է քաղաքի կենտրոնում, ինչն էլ անհրաժեշտ է ստեղծագործող արվեստագետներին:
«Գյումրին այն քաղաքն է, որը միշտ նկարիչներին ոգեշնչում է: Նկարչի երեւակայության թեմաներն այստեղ անսպառ են»,-նշեց Գագիկ Ավետիսյանը:
Նկաիչների աշխատանքները կներկայացվեն «Հայկական ներկապնակ» ցուցահանդեսին: