«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը Շիրակի մարզում է
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Orange» հիմնադրամի աջակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը «Լույս հայի աչքերին» բարեգործական ակցիայի շրջանակներում օգոստոսի 16-ից սեպտեմբերի 30-ն աչքի անվճար հետազոտություններ կանցկացնի Շիրակի մարզում: Անհրաժեշտության դեպքում ժամանակակից սարքավորումներով հագեցած աչքի շարժական հիվանդանոցը կլինի մարզի բոլոր տարածաշրջաններում' կատարելով անվճար վիրահատություններ: Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն նաեւ ակնոցներ:
Նշենք, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992 թվականին, ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի ջանքերով: Կազմակերպությունն ի սկզբանե նպատակ է հետապնդում կանխարգելել աչքի տարբեր խնդիրների հետեւանքով հնարավոր կուրությունը:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, սա Շիրակի մարզի սոցիալապես խոցելի խմբերի համար լավ հնարավորություն է տեղում, առանց մայրաքաղաք մեկնելու, անցնելու ակնաբուժական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում' նաեւ վիրահատվելու: