«Լեհական օր»` Գյումրիում
2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ, երեկ երեկոյան, «Հոկտեմբեր» կինոթատրոնի նախասրահում անցկացվեց «Լեհական օր» միջոցառումը, որը մեկնարկեց լեհական օրհներգով: Ներկայացված երգերն ու պարերը, վիկտորինաներն ու տեսանյութերը ներկաներին պատմում էին լեհական սովորույթների, կենցաղի եւ ավանդույթների մասին, իսկ հայ երիտասարդների ձեռքերով պատրաստված լեհական ազգային ճաշատեսակները' «Պիեռոգի», «Բիգոս», «կարտոֆիլով կոտլետ» եւ այլն, որոնք կարող էին համտեսել բոլոր ներկաները, հիացրեցին նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աշխատակիցներին:
Ինչպես «Արմենպրես»-ի Գյումրու թղթակցին տեղեկացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի մշակութային բաժնի ղեկավար Սոնա Սահակյանը, կենտրոնի կողմից իրականացված ծրագիրը նպատակ ունի հայ երիտասարդներին ներկայացնել տարբեր երկրների մշակույթը,եւ քանի որ անցած տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում, Գյումրի են եկել լեհ կամավորներ, հայ հասակակիցները փորձել են նախ ծանոթանալ նրանց պատմությանն ու մշակույթին, ապա ներկայացնել դա մյուսներին:
Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ: