Գեղարքունիքում միայն Սեւանը չի գրավում զբոսաշրջիկներին. ակտիվ է նաեւ գյուղական տուրիզմը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում զբոսաշրջության ծավալների շուրջ վերջերս կատարվել է փորձագիտական գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության' Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, Գեղարքունիքի մարզը մոտավոր գնահատումներով ունեցել է ավելի քան 550 հազար զբոսաշրջիկ: Նրանց հիմնական մասը հանգստացել է Սեւանի ափին, իսկ փոքր մասը' այցելել գյուղեր: Բացի Սեւանա լճի ափին հանգստանալուց, օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Գեղարքունիքի մարզի պատմամշակութային կոթողների նկատմամբ:
Գյուղական տուրիզմը շարունակում է զարգացում ապրել Շորժա, Փամբակ, Հայրավանք, Արտանիշ, Գեղամասար, Դարանակ, Արեգունի, Ավազան, Լճափ, Նորատուս, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծափաթաղ, Դրախտիկ համայնքներում: Օտարերկրյա հովեկների նկատելի մասը եղել են ռուսներ, պարսիկներ, ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, ֆրանսիացիներ, արաբներ:
Նույն աղբյուրի հավաստմամբ' զբոսաշրջության ոլորտում այս տարվա յոթուկես ամիսների դրությամբ ներդրվել է մոտ 8 միլիարդ 400 միլիոն դրամ. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3-5 տոկոսով: Հովեկների ակտիվ հոսքը պայմանավորված է նաեւ հուլիս-օգոստոսյան օդի տաք ջերմաստիճանով եւ սակավ տեղումներով: Զբոսաշրջիկների հոսքը կարող էր եւ սպասվածից ավելին լինել, եթե Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով չջրածածկվեին մի շարք հանրահայտ լողափեր ու հանգստյան գոտիներ, հանգրվաններ, հյուրանոցային շինություններ: Այս առումով առավել տուժել է Շորժա համայնքը: