ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղ ընդունվել է մեկ դիմորդ
1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղն այս ուստարում առաջին կուրս չի ունենալու: Մինչդեռ բուհին հատկացված է եղել 14 անվճար եւ 60 վճարովի տեղեր' երեք մասնագիտությունների գծով: «Ունեցել ենք 6 դիմորդ, որոնցից եւ ոչ մեկը չի կարողացել հաղթահարել միասնական քննությունները: Սակայն ունենք բանակից վերադարձած մեկ դիմորդ, ով 2 տարի առաջ հաջողությամբ հանձնել է միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից եւ ընդունվել տնտեսագիտության բաժին' վճարովի հիմունքներով: Այդ ուսանողին մենք կհրամանագրենք, սակայն նրա ցանկությամբ կամ կսովորի Երեւանում, կամ այստեղ' հեռակա բաժնում», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը:
Շուտով բուհում կսկսվեն հեռակա ուսուցման ընդունելությունները, եւ ղեկավարությունը հույս ունի, որ գոնե այստեղ բավարար քանակությամբ դիմումներ կլինեն: Այս տարի բուհն առաջին անգամ կատարելու է նաեւ ընդունելություն միջին մասնագիտական կրթական ծրագրով: Նախատեսված են 30 վճարովի տեղեր' երկու մասնագիտությունների գծով: Ըստ տնօրենի' հետաքրքվողները շատ են, եւ արդեն ստացվել է 6 դիմում: