Մարզային

Գնորդին շուտով կներկայացվի «Կովկասյան մեղր»-ը

3 րոպեի ընթերցում

Գնորդին շուտով կներկայացվի «Կովկասյան մեղր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնորդը շուտով հնարավորություն կունենա համտեսելու «Կովկասյան մեղր»-ը: Նախաձեռնողները խոստանում են տարեվերջին արդեն թողարկել այն, որը, սակայն, սկզբնական շրջանում կբաժանվի հուշանվերի տեսքով: Նախատեսվում է ապրանքի առաջին շնորհանդեսին բաժանել Կովկասը խորհրդանշող մեղրների յոթ տեսակների ընտրանին, իսկ ավելի ուշ այս ապրանքանիշը կհայտնվի նաեւ խանութներում:

Ներկայում ընթացքի մեջ է մեղրի ձեռքբերման գործընթացը: Արդեն հստակեցվել են մեղրի տեսակները, տարրայի եւ պիտակի վերջնական տարբերակները: Նշենք, որ այս ապրանքանիշը տրամաբանական շարունակությունն է «Կովկասյան» այն բոլոր բրենդների, որոնք ստեղծվել են «Բիզնեսի եւ զարգացման կովկասյան ցանց»-ի կողմից: Ի տարբերություն Կովկասյան պանրի եւ Կովկասյան գինու, որոնց նախաձեռնությունը հայկական կողմինն էր, թեյը' Քութաիսիինը, մեղրի ծրագրի հեղինակը «Բիզնեսի եւ զարգացման կովկասյան ցանց»-ի Թբիլիսիի գրասենյակինն է: Նշենք, որ այդ ցանցում ընդգրկված են' Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Աբխազիայի, Օսեթիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակները:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Բիզնեսի եւ զարգացման կովկասյան ցանց»-ի Գյումրու գրասենյակի ղեկավար Արտուշ Մկրտչյանը, այս ապրանքանիշերի տակ արտադրվող արտադրանքն ունի երկակի նշանակություն: «Նախ դրանք շատ որակով եւ հետաքրքիր ապրանքատեսակներ են' պատրաստվում են տարբեր երկրների լավագույն մասնագետների կողմից, իսկ երկրորդ այսպես ասած' առաջադրանքը նպատակ ունի բացահայտել տարբեր երկրների գինեգործների, պանրագործների եւ մեղվապահների համագործակցության եւ երկխոսության խորհուրդը: Դա բավական դժվար է, որովհետեւ մենք տարիների ընթացքում շատ երկրների հետ ունեցել ենք միայն առեւտրային հարաբերություններ, եւ խոսք չի եղել համատեղ արտադրանք ստեղծելու մասին, իսկ սա ոչ միայն համատեղ, այլ նաեւ ստեղծագործական աշխատանք է»,- ասաց Արտուշ Մկրտչյանը: Ըստ նրա' բացի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ մարդկանց միավորելուց, համագործակցություն ստեղծելուց, նաեւ ապրանքը շուկա է հանվում: «Մենք սրանով ուզում ենք ընդհանուր տնտեսական տարածքի գաղափարն առաջ տանել, որովհետեւ սահմաններով Կովկասը դատապարտված է չզարգանալու, իսկ բաց Կովկասն ունի հեռանկար, ապագա»,-նշեց նա:

«Կովկասյան մեղր»-ին զուգահեռ, շարունակվում են մյուս սննդամթերքների արտադրությունը: Անցած տարի Աշոցքի պանրի գործարանում արտադրված Կովկասյան պանրի արտադրության ծավալը կազմել է 9 տոննա, իսկ Վրաստանում' 11 տոննա: Այս տարի արտադրության ծավալներն ավելանում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում