Խճանկար

Նարդին` ամառային թիվ մեկ խաղը

4 րոպեի ընթերցում

Նարդին` ամառային թիվ մեկ խաղը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար է պատկերացնել երեւանյան բակերը հատկապես ամռան ամիսներին առանց նարդու մոլի սիրահարների, ովքեր ժամեր շարունակ նարդի են խաղում համապատասխան տաղավարներում կամ ինչպես ասում են' «զրուցարաններում»:

Նարդին (հին հնդկերեն նարդի նշանակում է գոչել, այնուհետեւ ստացել է քվե իմաստը) երկու խաղացողների միջեւ մրցախաղ է, որը խաղացվում է երեսուն սեւ ու սպիտակ քարերով եւ երկու զառով: Խաղացողը հաղթում է, երբ հեռացնում է իր բոլոր խաղաքարերը: Առաջին հայացքից այս խաղը նման է շախմատին, որտեղ գնահատելի է ճիշտ տրամաբանելու կարողությունը, կողմնորոշվելու ունակությունն ու ճկուն միտքը: Նարդիում եւս այդ բնորոշումները կարեւոր են, բայց դրա հայկական տարբերակն ուղեկցվում է նաեւ խաղացողների զգացմունքայնությամբ, ինչը բացակայում է շախմատում:

«Նարդին արեւելյան, ազարտային խաղ է, այն թափանցել է Հայաստան արեւելքից, հնարավոր է' որեւէ արաբական երկրից: Կա նարդի խաղալու 4-5 տարբերակ, օրինակ' ի տարբերություն մեզանում տարածված կանոնների' եվրոպական աշխարհի առաջնության ժամանակ նարդի խաղալու կանոններն այլ են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը' հավելելով, որ չնայած այս սիրված խաղը ծագումով արեւելյան է, Հայաստանում այն ստացել է խաղալու նոր ոճ: Այսօր նարդին ինչ-որ չափով բնորոշում է մեզ. խաղացողները տվյալ դեպքում տաքարյուն խառնվածքի եւ բնավորության տեր հայ տղամարդիկ են, ովքեր պարտվել չեն սիրում: «Երբեմն տաքարյուն լինելը խանգարում է խաղացողներին, եւ դա հաջողություն չի բերում խաղին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նարդու ֆեդերացիայի նախագահ, աշխարհի բազմակի չեմպիոն Խաչիկ Մելիքյանը:

Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ գտնվող այգում տարեցներն իրենց ժամանցն ապահովելու համար խաղում են նաեւ շախմատ եւ թղթախաղ, բայց նարդին առաջին հորիզոնականում է: Հատկապես տարվա շոգ ամիսներին այգուց անպակաս են նարդի խաղացողները, ովքեր լցված են հերթական խաղը կամ ինչպես իրենք են անվանում' «մի թայլա» եւս հաղթելու եւ դիմացինին իրենց վարպետությունը ցույց տալու անհագ ցանկությամբ: «Նարդին քաղաքային խաղ է, առավել բնորոշ է քաղաքային կենսաձեւին»,- ասաց ազգագրագետը:

Որպես ապացույց երեւանցիների' նարդի խաղի հանդեպ ունեցած մեծ սիրո' 2007 թվականին Մոսկովյան պուրակում տեղադրվեց քանդակագործ Էդուարդ Շախիկյանի «Նարդի խաղացողը» արձանը, որը մի քանի տարիների ընթացքում շատ սիրվեց Երեւանի մեծ ու փոքր բնակիչների կողմից:

Նարդին համարվում է տղամարդկանց խաղ, ազգագրագետները բացատրում են այդ հանգամանքը նրանով, որ արեւելքում կանանց նման խաղեր խաղալ չէր թույլատրվում, բայց որքան էլ զարմանալի թվա' կան շատ հայ կանայք, ովքեր նարդի ավելի լավ են խաղում, քան որոշ տղամարդիկ: Աշխարհի տարբեր երկրներում կան հատուկ կանանց մրցաշարեր: Ի դեպ, Հայաստանի նարդու ֆեդերացիան հաղթանակած է վերադարձել վերջերս Բաթումիում տեղի ունեցած մրցաշարից: Առաջիկայում նախատեսվում է մասնակցել Թուրքիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում կայանալիք մրցաշարերին: Նարդին խաղ է' առանց տարիքային սահմանափակման, այն կարող են խաղալ բոլորը, պարզապես լավ խաղալու եւ այս խաղում վարպետանալու համար պետք է ունենալ արագ կողմնորոշվելու ունակություն, մրցակցին հաղթելու մեծ ցանկություն եւ ամենակարեւորը' ազատ ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում