Պատանի առաջնորդների դպրոց` Մեղրիիում
2 րոպեի ընթերցում
ՄԵՂՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առաջին անգամ Մեղրիում բացվել է պատանի առաջնորդների դպրոց: Ծրագիրը, որն իրականացվում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից' ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնարկել է հունիսից եւ կավարտվի տարեվերջին:
«Դպրոցում սովորում է 28 աշակերտ' նախապես որոշված 20-ի փոխարեն: Նրանք Մեղրի, Ագարակ քաղաքների եւ տարածաշրջանի Ալվանք ու Լեհվազ գյուղական համայնքների դպրոցների 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտներ են, որոնք ընտրվել են մրցույթով», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեց կազմակերպության Մեղրու մասնաճյուղի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:
Ծրագրի շրջանակներում մեղրեցի պատանի առաջնորդների համար դպրոցում անցկացվում են իրավագիտակցության բարձրացման դասընթացներ, սովորեցնում են համակարգչային նախնական գիտելիքներ, կառավարական կայքերից օգտվելու հմտություններ: Հետագայում նախատեսված են նաեւ քաղաքագիտության դասընթացների կազմակերպում, ներկայանալու հմտությունների ուսուցում, կառավարման եւ առաջնորդության տարբերակման կարողություն եւ այլն: Կլինեն նաեւ հանդիպումներ Մեղրի, Ագարակ քաղաքների ՏԻՄ-երի հետ, այցելություն մարզպետարան: Իրականացվող ծրագրի ընթացքում փոխհատուցվում են երեխաների տրանսպորտային ծախսերը, տրամադրվում են գրենական պիտույքներ, տեղեկատվական բրոշյուրներ, օրապահիկ: Դասընթացի վերջում յուրաքանչյուր մասնակից կստանա պատանի առաջնորդի սերտիֆիկատ: