Արտերկրից ժամանած հայ կամավորները համագործակցում են գյումրեցիների հետ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կամավորների միության 15 կամավորներ, «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրի շրջանակներում, համագործակցում են Գյումրու հասարակական կազմակերպությունների հետ: Տարբեր երկրներից' Բրազիլիա, Արգենտինա, Հորդանան, Երուսաղեմ, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա եւ այլն, ժամանած կամավորները մայիսից մինչեւ հոկտեմբեր աշխատում են տարբեր ծրագրերով:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց «Դեպի Հայք» հիմնադրամի Գյումրու կոորդինատոր Շողիկ Միքայելյանը, կամավորների մեծ մասն ուսանող է եւ աշխատում է իր մասնագիտությամբ: Վերջիններս ներկայում աշխատում են «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Նոր լույս», «Բիոսոֆիա», «Գեոֆոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», «ԿԱԶԱ», «Փյունիկ» հասարակական կազմակերպություններում եւ Գյումրու գեղագիտական կենտրոնում:
«Հայաստան ժամանած ոչ բոլոր կամավորներն են ցանկանում աշխատել Երեւանից դուրս, սակայն նրանք, ովքեր հիմա Գյումրիում են, նորից են ցանկություն հայտնել գալ այստեղ: Գյումրին, նրանց խոսքերով, յուրօրինակ ճարտարապետությամբ եւ իր դիմագիծն ունեցող քաղաք է»,- նշեց Շողիկ Միքայելյանը: Նրա խոսքով' Գյումրի եկած կամավորներն արդեն հասցրել են մտերմանալ գյումրեցիների հետ: