Կապանի շտապ օգնության կայանը շարունակում է աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չնայած վերջին օրերին Սյունիքում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը, Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանը շարունակում է աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով: «Եթե մինչ այժմ կանչերի թվում գերակշռում էին արեւահարության, ուշագնացության դեպքերը, հիմա էլ նկատվում է սիրտ- անոթային, հիպերտոնիկ հիվանդների ինքնազգացողության կտրուկ վատացում», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց կայանի գլխավոր բուժքույր Սիլվա Բարսեղյանը:
Կայանն օրական շարունակում է արձագանքել 22-23 կանչերի, իսկ անցած կիրակի եղել են ամենաշատ կանչերը' 25: Հուլիս ամսին կայանը եւս աշխատել է ծանրաբեռնված, ունեցել է 590 կանչ: Հիվանդների թվում եղել են եւ մեծահասակներ, եւ երեխաներ: Վերջիններիս շրջանում առավել շատ են թունավորման դեպքերը: Ըստ Ս.Բարսեղյանի' կայանն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, շտապ օգնության մեքենաներով ու վառելիքով, ինչի շնորհիվ կարողանում են ժամանակին եւ արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին: Անհրաժեշտության դեպքում կայանի աշխատակիցների կողմից առաջին խորհուրդները հիվանդներին տրվում են հեռախոսով' մինչ շտապ օգնության մեքենայի տեղ հասնելը: