Աշխատանքի տոնավաճառ` Աշտարակ քաղաքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օգոստոսի 25-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Այն կազմակերպում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը, մասնակցելու են շուրջ 35 գործատուներ, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտներ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն այս տարվա ընթացքում արդեն 2 երկու աշխատանքի տոնավաճառ է անցկացրել'Սեւանում եւ Հրազդանում: Տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել ընդհանուր առմամբ 6 աշխատանքի տոնավաճառ: Առաջիկայում կանցկացվի Գյումրիում եւ Վանաձորում:
2010թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ անցկացվել է 6 աշխատանքի տոնավաճառ' Գավառ, Վանաձոր, Իջեւան, Գյումրի, Աբովյան եւ Երեւան քաղաքներում: Ընդհանուր առմամբ 2010թ-ին կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է շուրջ 280 գործատու եւ շուրջ 17 հազար 800 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1461 առկա եւ 825 սպասվող թափուր աշխատատեղ:
Զբաղվածության կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն' տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 590 աշխատանք փնտրող: