Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը հնեցման արտադրամաս կունենա
1 րոպեի ընթերցում
ԻՋԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը հնեցման արտադրամաս կունենա: Ինչպես «Արմենպրես»-ի Տավուշի մարզի թղթակցին տեղեկացրին ԵԿԳ հասարակայնության հետ կապերի բաժնից, հնեցման արտադրամասի շինարարական աշխատանքները սկսվել են սույն թվականի մարտ ամսին, եւ այն շահագործման կհանձնվի մինչեւ այս տարեվերջ:
Այսպիսով ավելի կընդլայնվեն գործարանի արտադրական կարողությունները Տավուշի մարզում: ԵԿԳ-ի Բերդի մասնաճյուղում նման արտադրամաս հիմնելը հնարավորություն կտա խուսափել այստեղ թորված սպիրտի տեղափոխումից գործարանի այլ մասնաճյուղեր եւ տեղում ապահովել մասնաճյուղում արտադրված ողջ կոնյակի սպիրտի հնեցումը:
Կառուցվելիք արտադրամասի կարողությունները թույլ կտան ապահովել միանգամից մինչեւ 400 հազար լիտր սպիրտի հնեցման անհրաժեշտ պայմաններ: Ավելի վաղ' 2009 թ., ԵԿԳ-ն Բերդի մասնաճյուղում հիմնել էր թորման արտադրամաս, որը հագեցած է Ֆրանսիայից ներմուծված թորման երեք սարքավորումներով: Առաջիկայում արտադրամասը կհամալրվի եւս երեք ֆրանսիական թորման սարքավորումներով:
Ավելացնենք նաեւ, որ ԵԿԳ-ի' Տավուշի մարզում տարեկան մթերած խաղողի զանգվածը հասնում է մի քանի հազար տոննայի: