Կապանում մեկնարկեց 4-օրյա բացօթյա կինոփառատոնը
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու կինոդահլիճում երեկ երեկոյան մեկնարկեց 4-օրյա բացօթյա կինոփառատոնը, որը նախաձեռնել է «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամ»-ը' Խաղաղության կորպուսի կամավորների, «Բազիլիո» ՍՊԸ-ի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի աջակցությամբ:
«Փառատոնը նպատակ ունի կապանցի երիտասարդների ամառային հանգիստն էլ ավելի հետաքրքիր դարձնել: Եթե իրոք փառատոնը հետաքրքրի կապանցի հանդիսատեսին, անելու ենք ամեն ինչ, որպեսզի այն դառնա ամենամյա», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը:
Փառատոնը կանցկացվի օգոստոսի 4-7-ը եւ կներկայացնի 4 ֆիլմ: Առաջին օրը ցուցադրվեց «Երեւակայողները» ֆիլմը: Այսօր եւ մյուս օրերին նախատեսված է հանդիսատեսին ներկայացնել «Փարիզ, ես քեզ սիրում եմ», «Կեր, աղոթիր, սիրիր» եւ «Հիտլեր կապուտ» ֆիլմերը: Բացօթյա կինոփառատոն Կապանում անցկացվում է առաջին անգամ: