Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչները նոր ներդրումներ են խոստանում Գեղարքունիքում
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր ընդունեց Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գեղարքունիքի մարզից, ներկայացուցիչները մարզ են ժամանել Գեղարքունիքի մարզի եւ Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ կնքված առողջապահական եւ կրթամշակութային փոխհամագործակցության շրջանակներում: Ֆրանսիացիների գործունեության հիմնական առանցքն այս անգամ առողջապահական հիմնախնդիրների լուծումն է:
«Բժշկական օգնություն եւ զարգացում» ֆրանսիական հասարակական կազմակերպության նախագահ Բերտրան Դեվիմյոն մարզի ղեկավարությանը եւ բուժհիմնարկների ղեկավարներին ներկայացրեց իրենց առաքելության հիմնական նպատակները:
«Համագործակցության նպատակն է բարելավել բնակչությանն ուղղված խնամքի որակը, ինչպես նաեւ լավացնել առողջապահական կենտրոնի պայմանները»,- նշեց Բ. Դեվիմյոն:
Այս տարի նախատեսվում է բժշկական աջակցության ծրագրեր իրականացնել Գավառի պոլիկլինիկայում, Գավառի բժշկական կենտրոնում, Սեւանի հիվանդանոցում: Ինչպես նաեւ կուսումնասիրվեն Վարդենիսի եւ Ճամբարակի բուժհիմնարկները, որտեղ եւս ներդրումներ կարվեն: Մինչեւ օգոստոսի վերջ կավարտվի Սեւանի հիվանդանոցի վիրահատարանի վերանորոգումը: Կիրականացվի Գավառի պոլիկլինիկայի շենքի տանիքի վերանորոգում, կվերանորոգվի սանհանգույցը, կփոխվեն պատուհանները: Կվերանորոգվի Գավառի բժշկական կենտրոնի մի մասը:
Բոլոր ներդրումներն արվել են Գրենոբլի, Ռոմանի եւ Իզերի դեպարտամենտների ֆինանսական միջոցներով:
«Բժշկական օգնություն եւ զարգացում» ՀԿ մասնագետ Ժան Պոլ Մասնադանը տեղեկացրեց, որ կշարունակվի շտապ օգնության բժիշկների վերապատրաստման ծրագիրը, որում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի 5 շտապ օգնության անձնակազմերը: Նախատեսվում է այցեր կազմակերպել բոլոր կառույցներում: Այցերի ժամանակ կգնահատվի բուժհիմնարկների վիճակը, որի հիման վրա էլ կմշակվի հետագա ծրագիրը, եւ կառույցները կապահովվեն համապատասխան գույքով ու բժշկական սարքավորումներով:
Հանդիպման ավարտին համագործակցության պայմանագրեր կնքվեցին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ՀԿ-ի, Սեւանի բժշկական կենտրոնի, Գավառի բժշկական կենտրոնի եւ Գավառի պոլիկլինիկայի միջեւ: Համաձայն պայմանագրերի' ֆրանսիական կառույցը պարտավորվում է բարելավել բուժհիմնարկների ընդհանուր մակարդակը, կազմակերպել շենքային պայմանների բարելավում եւ բուժսարքավորումների վերազինում: