Մարզային

Սյունիքի փլված դպրոցների աշակերտները ժամանակավորապես կուսանեն այլ դպրոցներում

2 րոպեի ընթերցում

Սյունիքի փլված դպրոցների աշակերտները ժամանակավորապես կուսանեն այլ դպրոցներում

ԿԱՊԱՆ, 19 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինչ Սյունիքում կլուծվի այս տարվա ընթացքում փլված երկու' Կապանի թիվ 2 ավագ եւ Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների շենքերի խնդիրը, ինչը հնարավոր չէ մինչեւ նոր ուսումնական տարին, կրթօջախների աշակերտների համար կստեղծվեն բոլոր պայմանները' նորմալ դասապրոցես կազմակերպելու համար: Քաղաքաշինության նախարարության որոշմամբ' Տեղ գյուղում փլված դպրոցի տեղում կկառուցվի նորը, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի հետագա ճակատագիրը կորոշվի 10 օրից: Պատասխանատուների հավաստմամբ' երկու դպրոցներն էլ անպայման կգործեն 2011-2012 ուստարվանից' նոր ու հարմարավետ շենքերում: Իսկ մինչ այդ' մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Դավթյանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց, որ գալիք ուսումնական տարում Տեղ գյուղում աշակերտների մի մասը ժամանակավորապես կհաճախի հարեւան Արավուս գյուղի նորակառույց դպրոց, իսկ տարրական դասարանցիների համար դասապրոցեսը կկազմակերպվի գյուղի բժշկական կենտրոնի տարածքում: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները կհաճախեն քաղաքի թիվ 1 եւ թիվ 6 հիմնական դպրոցներ: Նախատեսվել է, որ ավագ դասարանները կհաճախեն թիվ 6, միջին դասարանները' թիվ 1 հիմնական դպրոցներ: Իսկ տարրական դասարանների համար դասասենյակներ կտրամադրվեն քաղաքի նախկին լուսատեխնիկական գործարանի տարածքում, որտեղ տարիներ շարունակ գործել է Կապանի վարժարանը: «Այդ դպրոցներում առկա են բոլոր պայմանները' ապահովված են գույքով, ուսումնական անհրաժեշտ պարագաներով' դասերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար», - հավաստիացրեց Լ.Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում