Միջազգային ճամբար` Վանաձորում
2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Լոռու մարզում' Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցում, անցկացվեց «Ice Spice» միջազգային երիտասարդական ճամբարը:
Կազմակերպության գործադիր տնօրեն Սերինե Այվազյանի խոսքով' ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդների կարողությունների զարգացմանը, ինչը կնպաստի նրանց առավել ակտիվ ներգրավմանը քաղաքացիական հասարակության ստեղծման գործում: Ամառային ճամբարը երիտասարդների համար լավ հնարավորություն է' բարելավելու անգլերենի իմացությունը, զարգացնել ծրագրերի պլանավորման հմտությունները, ինչպես նաեւ միջմշակութային հաղորդակցման հմտություններ, քանի որ ճամբարի մասնակից 35 երիտասարդների թվում կան մասնակիցներ Գերմանիայից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից:
Ծրագրի կրթական բաժինը ներառում է «Քաղաքացիական առաջնորդություն», «Տարբեր երկրների ներկայացում», «Կոնֆլիկտների ներկայացում», «Կոնֆլիկտների հաղթահարում խաղաղ ճանապարհով» եւ «Ստեղծագործական մտածողություն» թեմատիկ դասեր: Երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու երաժշտական, սպորտային միջոցառումների, ֆիլմերի դիտումների, ինչպես նաեւ իրենց հանգիստն ակտիվորեն կազմակերպելու: Ութօրյա ճամբարն ավարտվեց այսօր, իսկ նախօրեին' երեկոյան, երիտասարդները ճամբարային հին ու բարի ավանդույթի համաձայն, երեկոն անցկացրեցին խարույկի շուրջ: